Շիրակի մարզի Այգաբաց համայնքում պահվող Ավետարանը շարունակում է առեղծված մնալ շատերի համար: Ավելին, գյուղի սրբավայրում պահվող սուրբ գիրքը ոչ միայն չի հանվում սրբավայրից, այլ նաև «անհասանելի» է գյուղի բնակիչների համար: Ասում են՝ Ավետարանը գողանալու փորձ անողները պատժվում են:
Բասեն գավառից գաղթած տղամադիկ 1887 թվականին նախ գալիս գյուղի տարածքում կառուցում Սուրբ Գևորգ եկեղեցին, ապա տեղափոխում իրենց ընտանիքները: Շատերը պատմում են, որ եկեղեցու կառուցման համար գերանները բերվել են Բասենից: Եկեղեցին այսօր թեև նորոգման կարիք ունի, բայց այն վիճակում է, որ հնարավոր է պատարագներ մատուցել, մկրտության ու պսակի ծեսեր կատարվնլ Սակայն Հայաստանի տարբեր մարզերից ու երբեմն նաև հանրապետությունից դուրս բնակվող շատ հիվանդներ գալիս են ոչ թե եկեղեցին տեսնելու, այլ գյուղի հայտնի սրբավայրերից մեկը այցելելու, սրբավայրում պահվող ավետարանի զորությունն զգալու:
Սարի լանջին գտնվող երեք մատուռներից մեկում է պահվում Ավետարանը: Ասում են, որ դա Նիկողայոս Հրաշագործի ձեռամբ գրված Ավետարանն է: Ավետարանը եբրայերեն է՝ որդան կարմիրով գրված: Ավետարանի իրական պատմությունը ոչ մեկն այդպես էլ չգիտի՝ նույնիսկ ծերերը չեն հիշում, թե ե՞րբ է այն հայտնվել գյուղում, միայն ասում են, որ թուրքերից փրկելու համար Ավետարանը դրել են արկղի մեջ ու գցել Եփրատը, գետից արկղը հանել է Բաղրամենց Գրիգորը: Այսպես, Ավետարանը սերնդե-սերունդ փոխանցվում է մինչև վերջին սերունդը՝ Փառանձեմ տատը, նրա մահից հետո մինչ օրս իրեն ավետարանի «տեր» է համարում Սամվել անունով մեկը, ով տատին խնամել է նրա կյանքի վերջին օրերին ու նրանից ստացել Ավետարանը և, գյուղաբնակների խոսքով, նաև Ավետարանով բուժելու շնորհքը: Ավետարանն այս պահին թեև մատուռում է, բայց այն վերցնել ու տեսնել ոչ մեկը չի կարող' բացի իր տիրոջից:
«Արմենպրես»-ը փորձեց պարզել ու գտնել գյուղում գոնե մեկին, ով ձեռքն է առել կամ մոտիկից տեսել Ավետարանը՝ նման մեկը չգտնվեց: Բայց այն, որ Ավետարանը շատ զորեղ է ու հավատքով մոտեցողին առողջություն է շնորհում, վկայեցին շատերը: Ավետարանն, անշուշտ, մատուռում էր՝ փաթաթված շորով, բայց այն բացել և տեսնել «Արմենպրես»-ի թղթակցին ևս չհաջողվեց: Ավետարանն իրենցը համարողները նույնիսկ մերժեցին դեկտեմբերի 21-ին առաջնորդական այցով Այգաբացում գտնվող Շիրակի թեմի առաջնորդի՝ եկեղեցում առաջնորդի ձեռամբ մատուցվող պատար ագի ժամանակ Ավետարանը եկեղեցի բերելու խնդրանքը, և սա արդեն' երկրոդ անգամ: Երևույթն, անշուշտ, առաջացրեց գերաշնորհ հոր զայրույթը, ով իր քարոզում նշեց, որ այն, ինչը եկեղեցունն է, պետք է եկեղեցուն պատկանի: «Պետք է հասկանանք, որ եկեղեցու սեփականությունը մեկի սեփականությունը չէ, այլ բոլորինը՝ ժողովրդինը»,-իր խոսքում նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Արմենուհի Մխոյան