Սիրիացիները «լի են իրենց երկրում ահաբեկչությունը և ծայրահեղական գաղափարախոսությունն արմատախիլ անելու վճռականությամբ»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:

 

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Դամասկոսում Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ:

 

«Դիմակայելով ահաբեկչությանը՝ սիրիացիները միաժամանակ ընդլայնելու և ամրապնդելու են ազգային հաշտեցման գործընթացը, այնպես, որ այն ներառի Սիրիայի բոլոր շրջանները»,- ասել է Ասադը:

 

Լարիջանին իր տարածաշրջանային շրջագայությունն սկսել է Դամասկոսից, որի ընթացքում նա կայցելի Լիբանան և Իրաք: Ընդունելով նրան՝ Սիրիայի Ազգային խորհրդի նախագահ Ջիհադ ալ Լյահամն ընդգծել է «այն աջակցության կարևորությունը, որը ցուցաբերում են Սիրիային Իրանը և նրա այլ ընկերներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Լատինական Ամերիկայի երկրները»: