Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արդեն նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը մեկնել է Հայաստանից, բայց տեսաբլոգով դիմել է հայ ժողովրդին' իր ելույթը վերնագրելով' «Մինչ նոր հանդիպում, Հայաստան»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Հեֆերնը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ջերմ ընդունելության համար, շնորհավորել Սուրբ Ծնունդը և Նոր տարին:

 

«Այնքան շատ բան կա, որ ցանկանում եմ ասել, որի համար շնորհակալ եմ: 2011 թվականի հոկտեմբերին ես և կինս ժամանեցինք Երևան: Այս վերջին երեք տարիներին մենք շատ բան ենք արել միասին: Միացյալ Նահանգների դեսպանատան առաքելությունը հստակ է' օգնել Հայաստանին հաջողության հասնելու որպես ժողովրդավար, բարգավաճ, խաղաղ և անվտանգ երկիր: Այդ ամենն իրագործելու համար մենք փորձել ենք ուշադրության կենտրոնում պահել հնարավորությունները, գործընկերությունը և ընդհանուր արժեքները»,- նշում է Հեֆերնը:

 

Ձեռքբերումների թվում դիվանագետը նշում է «բաց երկնքի» քաղաքականությունը, որի շնորհիվ օդային ուղևորափոխադրումներն ավելացրել են 25 տոկոսով, ամերիկյան ընկերությունների ակտիվ մասնակցության միջոցով «ծաղկող» տեղեկատվական և տեխնոլոգիական ոլորտը, և արևմտյան ներդրումների շնորհիվ բարելավումները մյուս ոլորտներում, կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը դրական փոփոխությունների է դրդում, և վերջապես համագործակցությունը զբոսաշրջության, սննդի և զարգացման ոլորտներում, որոնց նպատակն է աշխատատեղերի ստեղծումը Հայաստանի շրջաններում:

 

Նշվում է, որ նկատելի են բարելավումներ գործարար միջավայրում, և ավելին է անկնալվում առաջիկա ամիսներին և տարիներին: «Միացյալ Նահանգները շարունակելու է իր կարողությունների շրջանակում անել ամեն հնարավորը' խթանելու հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցմանը և խաղաղ, բանակցված լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: Հաջողությունն այս երկու ոլորտներում առավելագույնս կնպաստի բացելու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանը»,- նշել է Հեֆերնը:

 

«Հաջողակ Հայաստանը ռազմավարական այլընտրանք ունի թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակներում: Հայերը պետք է միասին ի կատար ածեն այս նպատակները: Դեսպանությունը փորձել է ճանաչել Հայաստանի գործընկերներին, որոնք ընդհանուր արժեքներ ունեն և ցանկանում են բարելավել հայ քաղաքացիների կյանքը, և մենք բազմաթիվ այդպիսի գործընկերներ ենք գտել տարբեր ոլորտներում ու աշխատում ենք նրանց հետ…

 

Եթե այս' նույն հայացքները կիսող խմբերը համատեղ աշխատեն բարելավելու գործարար միջավայրը և կառավարումը, բացել ընտրական գործընթացը, և ստեղծեն նորարարու թյան, ձեռներեցության, ինքնավստահության և հանդուրժողականություն միջավայր, համոզված եմ' Հայաստանը պայծառ ապագա կունենա»,- ընդգծում է նա' հավելելով, որ Հայաստանի ապագան գիտելիքահեն տնտեսությունն է:

 

Արդեն նախկինը դեսպանը համոզմունք է հայտնում, որ իրեն հաջորդող դեսպան Ռիչարդ Միլսը կշարունակի նույն քաղաքականությունը Հայաստանում: