Հայաստանում 586 դատապարտյալ պոտենցիալ հնարավորություն ունի լինել պրոբացիոն ծառայության էլեկտրոնային վերահսկողության տակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, եթե այս թվին գումարվեն պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների կատարելագործման արդյունքում ազատազրկման դատապարտված անձինք, «հոսքը» դեպի պրոբացիայի ծառայություն կկրկնապատկվի:

 

Պրոբացիայի հիմքում ընկած է վերասոցիալականացման գաղափարախոսությունը, մասնավորապես՝ անձին պահել ազատության և հասարակության մեջ: Պրոբացիայի ծառայությունը կնպաստի քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը:

 

Այս տարվա ընթացքում մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին» հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

 

Պրոբացիոն ծառայության ներդրմամբ նախատեսվում է ավելացնել այլընտրանքային պատժատեսակները և շատ դեպքերում խուսափել ազատազրկումը որպես պատժատեսակ կիրառելուց: Գնվելու են համապատասխան էլեկտրոնային հսկողության շղթաներ:

 

Մյուս տարվա առաջին կիսամյակում հնարավոր են պիլոտային տեղամասեր, այնուհետև դրանց փորձը կտարածվի նաև ամբողջ հանրապետությունում: Հաջորդ տարվա վերջին Հայաստանում կլինի կայացած պրոբացիոն ծառայություն, ինչը կախված կլինի նաև պիլոտային ծրագրերի իրականացման ընթացքից և բյուջետային հատկացումներից: