Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նաթիգ Ջաֆարլին ուշադրության է հրավիրում Ադրբեջանից Եվրոպայի կախվածության մասին Բաքվի իշխանությունների հռետորաբանությանը եւ այն միանգամայն սին անվանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, deyerler.org կայքի հետ զրույցում Ջաֆարլին նշել է, որ պաշտոնական տվյալներով' այս տարվա հունվար-նոյեմբերին Ադրբեջանի առեւտրային շրջանառությունը կազմել է 28,825 մլրդ դոլար, ինչը 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 9,13 տոկոսով պակաս է: Ադրբեջանից արտահանման ծավալը, որի միայն 1.026 մլրդ մասն է կազմել ոչ նավթային հատվածը, եղել է 20,6 մլրդ դոլար, որը 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 5,82 տոկոսվ պակաս է:

 

«Հետաքրքիրն այդ նվազումը չէ, քանի որ Ադրբեջանը նավթից բացի, այլ բան չունի վաճառելու, իսկ նավթի արդյունահանման ծավալն այդ ժամանակաշրջանում 3,2 տոկոսով պնվազել է: Ուշադրություն է գրավում այն, որ 20,6 մլրդ դոլար արտահանման 19,475 մլրդ դոլար մասն ընկնում է պետական հաստատություններին, իսկ ոչ նավթային հատվածը արտահանել է ընդամենը 1.026 մլրդ դոլարի ապրանք: Ողբերգություն է: Կառավարությունը հաճախակի հայտարարում է, որ ՀՆԱ-ում հատուկ հատվածի մասնաբաժինը հասել է 80 տոկոսի: Իսկ ինչպես է լինում, որ դա արտահանման մեջ չի երեւում: Պատճառն այն է, որ կառավարությունը խաղում է թվերով. «Ադրբեջանի միջազգային գործողությունների» ընկերությունը գրանցում է որպես հատուկ հատված, այն դեպքում, երբ նավթի 80-85 տոկոսը նրանք են արտահանում: Նրանք տալիս են պետությանը, պետությունն էլ վաճառում է: Այդ պատճառով արտահանման մեջ պետության բաժինը հասնում է գրեթե 95 տոկոսի», -նշել է նա:

 

Փորձագետը ուշադրության է հրավիրում նաեւ Ադրբեջանի ներմուծման վիճակագրությանը:

 

«2014 թվականի հունվար-նոյեմբերին ներմուծման ծավալը կազմել է 8,112 մլրդ դոլար, ինչն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 16,61 տոկոսով: Նվազելու հիմնական պատճառն այն է, որ երկիր բերվող ավտոմեքենաների թիվն անցյալ տարվա նույն ժամանակաշրանի համեմատ մոտ 41 տոկոսով նվազել է: Իսկ մթերքի ներկրումների ծավալը լուրջ աճ է գրանցել: Ես մեկ լուրջ հարց. Ադրբեջանի արտահանման ուղղություների մեջ առաջին տեղը զբաղեցնում է Իտալիան' արտահանման ամբողջ ծավալի 24 տոկոսը' 5,34 մլրդ դոլար, հետո' Ինդոնեզիան եւ Թաիլանդը' 4,4 մլրդ դոլար, հետո' Գերմանիան' 1,146 մլրդ դոլար, Ֆրանսիան' 1,065 մլրդ դոլար: Մի խոսքով' Ադրբեջանի վաճառած ապրանքների (վաճառածը նավթ եւ նավթամթերք է) 14 մլրդ դոլարն է բաժին ընկնում Եվրոպային, որն էլ արտահանման ընդհանուր ծավալի 80 տոկոսն է: Իսկ դա անգամ չի կազմում Եվրոպայի ընդհանուր առեւտրային շ րջանառության 0,001 տոկոսը. ԵՄ երկրների արտահանման ծավալը 2 տրիլյոն դոլարից ավելի է:

 

Հարց է առաջանում' Ադրբեջա՞նն է տնտեսապես կախված Եվրոպայից, թե Եվրոպան է կախված Ադրբեջանից: Մի խոսքով, կառավարության եւ’ «ոչ նավթային հատվածը զարգանում է», եւ’ «Եվրոպան կախված է մեզնից» հռետորաբանությունը ջարդուփշուր է լինում հենց իրենց կողմից հայտարարված պաշտոնական թվերով», -ընդգծում է Ջաֆարլին: