Ամանորի գիշերը Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի այցելությունը ծնողների համար կարժենա 30-60 հազար դրամ, իսկ հունվարի առաջին օրվանից այդ գինը կիջնի մինչև 20 հազար դրամ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ մայրաքաղաքում Ձմեռ պապիկների ծառայություն տրամադրող կազմակերպություններից, որքան մեծ են պահանջները Ձմեռ պապիկից ու նրա մասնագիտական կարողությունները, այնքան բարձր է գինը:
Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող կազմակերպություններից հարցում կատարելով պարզվեց, որ երեխաների աչքերի առջև իրականացող Ամանորի հեքիաթի տևողությունը 20-30 րոպե է, որի ընթացքում անցկացվում են խաղեր, վիկտորինաներ: «Նախ շատ եմ խնդրում ծնողներին, որպեսզի երբևիցե դերասանին չդրդեն հանել հագուստն ու դեմքը փակող գլխարկը՝ այն պատրվակով, որ երեխան տեսնի, թե ով է դրա տակ թաքնված: Հաճախ ծնողներն իրենք, փոխարեն երեխայի մոտ հեքիաթի խորհրդավորությունը պահպանեն, ոչնչացնում են այն: Նաև խորհուրդ եմ տալիս ծնողներին ամեն կերպ աշխատել, որպեսզի երեխան չնկատի գումարի փոխանցման ընթացքը, այդ իսկ պատճառով ավելի լավ է վճարումը կատարել նախապես: Այլապես երեխայի մոտ կստեղծվի տպավորություն, որ այն ինչին նա հավատում է՝ ենթակա է գնման»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում խորհուրդներով կիսվեց արդեն հինգերորդ տարին նաև Ձմեռ պապիկի ծառայություններ մատուցող կազմակերպության ղեկավար Սոֆիա Տեր-Ղազարյանը:
Տոնական օրերին մայրաքաղաքում Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկն ավելի հասանելի ու մատչելի են ինչպես Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայի տարածքում, այնպես էլ Երևանի այլ վարչական շրջաններում: Սակայն մայրաքաղաքի փողոցներում Ձմեռ պապի և Ձյունանուշիկի հագուստով հայտնվելու և երեխաների հետ նկարվելուց գումար ստանալու համար նախ անհրաժեշտ է քաղաքապետարանից ստանալ հավաստագիր:
Այս տարի հավաստագրերի տրամադրման ընթացակարգին նախապես հերթագրվել և մասնակցել է շուրջ 60 Ձմեռ պապ և Ձյունանուշ: Սակայն մինչև դեկտեմբերի 27-ը հավաստագրեր կստանան ոչ բոլոր դիմորդները:
«Քաղաքապետարանից հավաստագիր ստացած Ձմեռ պապիկների և Ձյունանուշիկների, ինչպես նաև տոնական օրերին այլ հեքիաթային հերոսների կերպարներում աշխատողների առջև դրել ենք հետևյալ պարտականությունը՝ ոչ մի դեպքում չհնչեցվի թիվ, նույնիսկ պայմանական հարյուր դրամ: Եթե ծնողները ուզում են, որ իրենց երեխաները լուսանկարվեն կամ կանխավ կարող են հարցնել, կամ յուրաքանչյուրը վճարի որքան կցանկանա», - տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը:
Մշակույթի բաժնի պետը հավելեց նաև, որ հեքիաթային հերոսներին տոնական օրերին սկզբունքորեն արգելված է ինքնուրույն մոտենալ երեխաներին, առաջարկել նկարվել և այնուհետ գումար պահանջել ծնողներից: Նաև Ձմեռ պապին արգելվում է ալկոհոլի ընդունումն ու ծխելը: