Հակառակորդը վերջին օրերին անընդհատ լարվածության մեջ է պահում Տավուշի սահմանամերձ շրջանները: Դեկտեմբերի 25-ին ադրբեջանական կողմը սկսել է կրակել գյուղերից մեկի' Այգեպարի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ այսօր երեք ժամ է, ինչ խաղաղ է: «Գյուղի բազմաբնակարան շենքերի ուղղությամբ են կրակում: Կառավարության կողմից գումար է հատկացվել ու ներկայում բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում ենք կազմակերպում: Ուզում են վնաս հասցնել»,-նշեց Այդինյանը' ավելացնելով, որ կրակոցների մասին բարձրաձայնում են, երբ այն գյուղի ուղղությամբ է:

 

Հարցին ի պատասխան, թե կարողանում են պատրաստվել Նոր տարվան, գյուղում միջոցառումներ կազմակերպում են, թե, այնուամանայնիվ, զերծ են մնում ուշադրություն գրավելուց, գյուղապետը նշեց. «Փողոցային լույսեր չունենք, չենք կարողանում տոնածառը զարդարենք, մարդիկ տներում լույսերը չեն միացնում թիրախ չդառնալու համար: Ամենավտանագավոր սամանամերձ գյուղերից մեկն է մեր գյուղը»:

 

Տավուշի սահմանամերձ Մովսես համայնքի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ հայտնեց, որ, թեև իրենց գյուղի ուղղությամբ չեն կրակում, բայց անընդհատ լսում են կրակոցների ձայները: «Մի տասը րոպե առաջ էլի սկսել են կրակել: Գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, չեն կրակում, բայց մեզ մոտ ձայները հստակ լսվում են: Երեք օր առաջ էլ Մովսես-Այգեպար ճանապարհով ընթացող մեքենաների ուղղությամբ են կրակոցներ եղել»,-ասաց նա:

 

Արարատ Ավալյանը հայտնեց, որ գյուղում ամանորյա միջոցառումներ կազմակերպում են: «Երեկ եղել է մանկապարտեզի տոնական հանդեսը, այսօր դպրոցում է միջոցառում լինելու: Մեր միջոցառումներն անում ենք' տուրք չտալով կրակոցների պատճառած անհանգստությանը»,-ավելացրեց գյուղապետը:

 

Ամանորի տոներից առաջ ադրբեջանական կողմի գործելաոճն է սահմանին լարվածություն ստեղծելը: