Մենք շատ լավ հասկանում ենք «Ընտրական օրենսգիրքը»,որեւէ մի կետի խախտում ընտրությունների ընթացքում չենք ունենալու: Այս մասին այսօր' հունվարի 26-ին, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության հետ հանդիպելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Ես բացառում եմ որեւէ մեկ դեպք, որ կարող է քաղաքապետը, շտաբի պետը կամ մարզպետը, գյուղապետը խախտի օրենքը, մենք շատ խիստ ենք դրել եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս ընտրություններն անցնեն օրենքի կետին համահունչ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ չի հաջողվելու ի սկզբանե սեւացել եւ ցեխ շպրտել ընտրական գործընթացի վրա: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարը նաեւ շեշտեց, որ մյուս քաղաքական ուժերն էլ են պատասխանատու լավ ընտրությունների անցկացման համար, դա միայն իշխանության խնդիրը չէ:
Անդրադառնալով Հայաստանի նախագահ, թեկնածու, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի քարոզարշավին' նա նշեց, որ այն շատ լավ է անցնում, շատ անմիջական: Հովիկ Աբրահամյանի խոսքով' իրենք իրենց արված գործերի եւ անելիքների մասին են խոսում, անհիմն ծրագիր չեն ներկայացրել: Նա նշեց, որ իրենց թեկնածուն անմիջապես շփվում է ժողովրդի հետ, իրենք ժողովրդի հետ շատ անկեղծ են, դահլիճային հանդիպումներ են ունենում, մարդիկ հնարավորություն են ունենում տարբեր հարցերով դիմել թեկնածուին:
Հովիկ Աբրահամյանը չկանխատեսեց, թե ինչքան ձայն կհավաքի իրենց թեկնածուն, չկարողացավ ասել նաեւ' երկրորդ փուլ կլինի, թե ոչ: