Գեղարքունիքի մարզում 2014 թվականի ձմեռային զորակոչը մեկնարկել է հունվարի ութին, Սեւանի շրջանային զինկոմիսարիատից: Իսկ հունվարի 9-ին նորակոչիկները Հայոց բանակ են ճանապարհվել նաեւ Մարտունու, Գավառի, Վարդենիսի եւ Ճամբարակի զինկոմիսարիատներից:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստման բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, զինկոմիսարիատներից նորակոչիկներին հավաքակայան ճանապարհելու արարողությանը մասնակցում են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, պատասխանատու այլ աշխատակիցներ, զինվորական կոմիսարները, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ հոգեւոր հովիվները, մարզի ուժային կառույցների ղեկավարներ եւ աշխատակիցներ, նորակ ոչիկների ծնողներն ու հարազատները:

 

Տարածքային հինգ զինկոմիսարիատներից զորակոչված նորակոչիկներն այցելել են իրենց բնակավայրերի եկեղեցիներ, մոմեր վառել, ստացել հոգեւոր այրերի օրհնությունը, պետական պաշտոնյաների բարեմաղթանքները եւ Հայոց բանակ ճանապարհվել տոնական տրամադրությամբ, պետավտոտեսչության աշխատակիցների հատուկ ուղեկցությամբ: Իսկ նախօրեին բոլոր նորակոչիկների տներում կազմակերպվել են բանակ ճանապարհելու հավաքներ ու խնջույքներ:

 

«Մեր կողմից արվել է հնարավորը, որպեսզի 2015 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլում Հայոց բանակ զորակոչվեն բացառապես առողջ երիտասարդներ: Զորակոչային հանձնաժողովի նիստերում ցուցում է տրվել զինկոմիսարիատներին եւ նրանց կից զորակոչային բժշկական հանձնաժողովներին' խստորեն պահպանել արդարության սկզբունքը ' բանակ չզորակոչել բավարար առողջություն չունեցող երիտասարդներին եւ փոխարենը ոչ մի հնարավորություն չտալ նրանց, ովքեր փորձում են զարտուղի ճանապարներով ազատվել զինվորական ծառայությունից:

 

Լինելու ենք խիստ ու հետամուտ, որ ամեն ինչ արվի միայն օրենքի շրջանակներում, որ սահմանված ժամկետներում կարողանանք պատվով կատարել պետության կողմից մեզ տրված առաջադրանքը: Ուրախալին այն է, որ ծնողները հավատում են մեզ, արդարության սկզբունքի պահպանմանը եւ ոգեւորությամբ ու բարձր տրամադրությամբ են բանակ ճանապարհում իրենց զավակներին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հոնձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: