«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունը Փարիզում կայացած համերաշխության երթին որակել է որպես «անարգանք «Շարլի Հեբդո»-ի գերեզմանին»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Կազմակերպությունը խստորեն քննադատել է 12 մարդու կյանք խլած միջադեպի կապակցությամբ կազմակերպված հիշատակի արարողությանը Դավութօղլուի մասնակցությունը: «Լրագրողներ առանց սահմաններին» Թուրքիայի, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառող և մամուլի ազատությունը սահմանափակող մյուս երկրների' Եգիպտոսի, Ռուսաստանի, Միացյալ Արաբական Էմիրություններրի առաջնորդների մասնակցությունը փարիզյան երթին որակել է որպես «երկերեսանիություն» և «միջազգային նկարագիրը փրկելու ջանք»:

 

Հունվարի 7-ի առավոտյան Charlie Hebdo­-ի խմբագրության վրա կատարված հարձակման հետևաքնով տասներկու մարդ է մահացել, այդ թվում' 10 լրագրող և երկու ոստիկան, ևս 11 մարդ վիրավորվել է: Ահաբեկիչներին հաջողվել էր փախուստի դիմել և թաքնվել, բայց նրանք այնուհետև ոչնչացվել են: Այս ահաբեկչությունը զոհերի թվով ամենամեծն է Ֆրանսիայի պատմության վերջին հիսուն տարում: