Ֆրանսիայի հայտնի պարբերականներից մեկը' Le Monde-ը քննադատել է Փարիզում ահաբեկչության դեմ համերաշխության երթին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Քննադատելով այն երևույթը, որ մամուլի և խոսքի ազատությանն իրենց աջակցությունը ցուցաբերելու նպատակով իրականացված երթին մասնակցել են այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որտեղ խիստ սահմանափակված է խոսքի և մտքի ազատությունը' Le Monde-ն ի թիվս այլ երկրների հիշատակել է Թուրքիային: Ֆրանսիական պարբերականը հիշեցրել է, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած 2014 թվականի զեկույցի համաձայն Թուրքիան մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է ընդամենը 154-րդ հորիզոնականը: Պարբերականը նշել է նաև, որ թու րքական պետությունում ընդդիմադիր լրագրողները հայտնվում են ճաղերի հետևում, գործողություններ են իրականացվում գյուլենականներին պատկանող լրատվամիջոցների դեմ, թեպետ այդ ամենը չի խանգարում, որ երկրի նախագահ Էրդողանը կանգնի և հայտարարի, թե «թուրքական մամուլն ամենաազատն է աշխարհում»:

 

Հունվարի 7-ի առավոտյան Charlie Hebdo­ի խմբագրության վրա կատարված հարձակման հետևաքնով տասներկու մարդ է մահացել, այդ թվում' 10 լրագրող և երկու ոստիկան, ևս 11 մարդ վիրավորվել է: Ահաբեկիչներին հաջողվել էր փախուստի դիմել և թաքնվել, բայց նրանք այնուհետև ոչնչացվել են: Այս ահաբեկչությունը զոհերի թվով ամենամեծն է Ֆրանսիայի պատմության վերջին հիսուն տարում: