«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպել է ֆրանսիացի գործարարների պատվիրակության հետ, ովքեր Հայաստան են ժամանել Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի եւ բրիտանական PMCI ներդրումային ընկերության հրավերով՝ գործարար միջավայրին եÖ ‚ իրականացվող խոշոր ծրագրերին ծանոթանալու նպատակով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, պատվիրակությունը ցանկություն էր հայտնել հանդիպել նաեւ IDeA հիմնադրամի ղեկավարության հետ՝ հիմնադրամի գործունեությանն ու իրականացվող ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերին ծանոթանալու համար:

 

Ա. Գեւորգյանը տեղեկություններ է ներկայացրել IDeA -ի գործունեության մասին՝ նշելով, որ հիմնադրամն արդեն իրականցրել է ենթակառուցվածքների զարգացման եւ կրթական այնպիսի մասշտաբային ծրագրեր, ինչպիսիք են «ՏաԹեւեր» ճոպանուղու եւ Դիլիջանի քոլեջի նախագծերը:

 

«Մեր հիմնական նպատակն է երկարաժամկետ ծրագրերի իրականացման միջոցով նպաստել երկրի անցմանը գոյատեւումից դեպի բարեկեցության, զարգացման փուլ: Մենք իրականացնում ենք հիմնականում երկու տեսակի՝ ենթակառուցվածքային եւ ինստիտուցիոնալ ծրագրեր, որոնք կարող են նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծմանը»,- նշել է Ա. Գեւորգյանը՝ նկատելով, որ կոնկրետ վայրում խոշոր ծրագրի իրականացումը հանգեցնում է նաեւ տվյալ տարածաշրջանի զարգացմանը, ինչպես վերը նշված ծրագրերի դեպքում:

 

Ըստ Ա. Գեւորգյանի՝ հիմնադրամը կարեւորում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը եւ աջակցում է ՀՀ կառավարությանը՝ այս ոլորտում ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային բարեփոխումների, մասնավորապես, «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման հարցում: Նա նկատել է, որ Հայաստանում զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման տեսանկյունից կարեւոր նշանակություն կարող է ունենալ ֆրանսիական ընկերությունների հարուստ փորձը, եւ այս ոլորտում արդյունավետ գործակցություն կարող է ծավալվել:

 

Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հաթեմյանը կարեւոր եւ հետաքրքիր համարելով հիմնադրամի աշխատանքը՝ նշել է, որ զբոսաշրջությունը պալատի գործունեության հիմնական ուղղություններից է, եւ հնարավոր է համարել այս ոլորտում փոքր ծրագրերի իրականացումը:

 

Ա. Գեւորգյանն ուշագրավ է համարել զբոսավարների վերապատրաստման, IDeA հիմնադրամի ծրագրերում ընդգրկված համայնքներում փոքր ծրագրերի իրականացման առաջարկները: Նա նաեւ պատասխանել է համագործակցության հնարավորությունների մասին հյուրերի հարցերին: