Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 26-ին սկսում է ձմեռային նստաշրջանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը լրջորեն անհանգստացած է այդ նստաշրջանով, քանի որ սպասվում է, որ դրա շրջանակում Ադրբեջանի հետ կապված լուրջ քննարկումներ են անցկացվելու:

 

Ըստ պնդումների, նստաշրջանում հիմնական քննարկման թեմա է դառնալու Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների ու ակտիվիստների դեմ բռնաճնշումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների չկատարումը եւ այլ նման հարցեր: Նշվում է, որ որպես քննարկումների արդյունք' սպասվում է, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի հետ կապված խիստ եւ վճռական որոշումներ կընդունի:

 

Անցյալ տարի հոկտեմբերին Մադրիդում անցկացված հավաքում ԵԽԽՎ նախագահ Անն Բրոշուրն ասել էր, որ որոշ երկրների կողմից ՄԻԵԴ որոշումների չկատարումն անընդունելի է, եւ այդ խնդրի վերացման համար լուրջ միջոցներ ձեռնարկելու կարիք կա:

 

Ադրբեջանի իշխանությունը չի կատարում ՄԻԵԴ-ի' նախկին առողջապահության նախարար Ալի Ինսանովի եւ REAL շարժման նախագահ Իլգար Մամեդովի հետ կապված որոշումները:

 

Բացի այդ, ԵԽԽՎ քարտուղար Թորբյորն Յագլանդը եւս ժամանակ առաջ խստորեն քննադատել էր Ադրբեջանի իշխանությանը: Յագլանդը նույնիսկ Մեծ Բրիտանիային կոչ էր արել լուրջ մոտենալ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված կրիտիկական իրավիճակին:

 

«Այս իմաստով, Ադրբեջանի իշխանությունը հասկանում է, որ ձմեռային նստաշրջանում Ադրբեջանի հետ կապված կրիտիկական քննարկումներ են լինելու», -գրում է թերթը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում քննարկումներ են ընթանում Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի շուրջ եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներ են հնչում: