Россия 1 հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին' հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Воскресный вечер» հաղորդման ավարտին Սոլովյովն ասել է. «Այժմ, հաղորդման ավարտին, ես իմ պարտքն եմ համարում իմ ցավակցությունը հայտնել եղբայրական հայ ժողովրդին:
Կատարվել է սարսափելի հանցագործություն: Դասալիքը սպանել է ընտանիքի վեց անդամներին, ընդհուպ երկու տարեկան երեխայի: Վեց ամսական մյուս երեխան գտնվում է շատ ծանր վիճակում: Մոսկվայից բժիշկների խումբ է գնացել, որ օգնեն հայ գործընկերներին: Մի՛ անհանգստացեք, այս հանցագործությունն անպայման հետաքննվելու է, լավագույն մասնագետներն են աշխատում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Հայաստանից: Ոչ մի փաստ չի քողարկվի:
Եւս մեկ անգամ անկեղծ ցավակցությունս եմ հայտնում եղբայրական, սիրելի ժողովրդին: Սա սարսափելի ող բերգություն է: Դժբախտաբար, հանցագործներ կան ցանկացած ազգում»,- ասել է Սոլովյովը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռու սական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:
Հունվարի 19-ին մեկ շաբաթ կյանքի եւ մահվան պայքար տալուց հետո ժամը 17:02-ին մահացել է նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: