ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և կառավարությունը կանեն ամեն ինչ, որպեսզի գյումրեցիների' Գյումրու ոճրագործությունը բացահայտելու պահանջի իրականացման համար տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը' Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից ողջ մնացած եւ հունվարի 19-ին Երեւանում մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստից հետո:

 

Այնուհետև ՀՀ վարչապետը նրան ուղեկցող ՀՀ առողջապահության և Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարներ' Արմեն Մուրադյանի և Արմեն Երիցյանի, ինչպես նաև քաղաքային իշխանությունների ուղեկցությամբ Սուրբ Նշան եկեղեցուց ոտքով շարժվեց դեպի 7 Վերք եկեղեցի, որտեղ կատարեցին մոմառություն' ի հիշատակ Ավետիսյանների և նրանց հոգիների հանգստության:

 

Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին' ժամը 13:00-ին: Աճյունը կամփոփվի հարազատների կողքին' «Շիրակ» գերեզմանատանը:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա  Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր:

 

Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պեր մյակովն է: