Սիրիական ազգի հիմնական թշնամին Թուրքիան է, և նա իր նպատակներն իրականացնելու համար օգտագործում է աշխարհագրական դիրքն ու ընդհանուր սահմանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար, փոխվարչապետ Ուալիդ ալ Մուալլեմն՝ ավելացնելով, որ ԻՊ-ի ու թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև գաղափական կապ կա, որն այժմ լրիվ ակնհայտ է դարձել:
«Թուրքիան ԻՊ-ի ռազմավարական թիկունքն է, որը բացում է սահմանները, նրանց տրամադրում է բժշկական ծառայություններ, ապահովում կացարանով»,- նշել է նախարարը:
«Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է ոչնչացնել ԻՊ-ին, ապա նրանք ունենք մեկ ընտրույթուն, այն է' համագործակցել Սիրիայի հետ, քանի որ միայն սիրիական բանակն է ի վիճակի դիմակայել նրանց»,- ավելացրել է Ուալիդ ալ Մուալլեմը:
Նրա խոսքով' Իսրայելն ԱՄՆ-ի միջոցով ցանկանում է խորացնել Սիրիայի ճգնաժամը բոլոր հնարավոր միջոցներով: Այդ երկու երկրները հանցակիցներ ունեն Եվրոպայում, արաբական աշխարհում և Թուրքիայում, որոնք հարձակումներ են իրականացնում սիրիական ժողովրդի վրա: Նախարարը նշել է, որ 2015թ.-ին Սիրիան պետք է դուրս գա ժգնաժամից, ապա ողջունել է Հարավային Ղուտայում հաստատված հաշտությունը:
Նա անդրադարձել է այն հարցին, որ Սիրիայի քաղաքացիները պետք է նկատեն, թե որքան ջանքեր է գործադրում կառավարությունը իրենց կարիքները հոգալու համար, իսկ կառավարությունն իր հերթին պետք է օր ու գիշեր աշխատանք տանի երկիրը շրջափակումից հանելու համար:
Ուալիդ ալ Մուալլեմը դատապարտել է Իսրայելի հարձակումը Կունեյտրա մարզի վրա՝ նշելով, որ Թել Ավիվը համագործակցում է «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հետ:
Առաջիկայում Մոսկվայում կայանալիք հանդիպման վերաբերյալ նախարարը նշել է, որ Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի հրամանով' հնարավոր ամեն ինչ պետք է անել հաջողության հասնելու համար: «Եթե հանդիպումը ձախողվի, դա կնշանակի, որ ընդդիմիության ներկայացուցիչները ենթարկվել են արտաքին հրահանգներին»,- ընդգծել է նախարար Ուալիդ ալ Մուալլեմը: