Ամերիկյան Microsoft կորպորացիան ներկայացրել է Windows 10 գործառնական համակարգի նոր տարբերակը, որը հարմարեցված է տարբեր մեծության էկրաններով սարքերի համար՝ անձնական համակարգիչներից մինչև սմարթֆոններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գործառնական համակարգը մեկ տարի անվճար է լինելու Windows 7 և Windows 8.1 գործառնական համակարգերի օգտատերերի, ինչպես նաև Windows Phone շարժական հարթակի վերջին տարբերակի համար:
Ինչպես ասված է կորպորացիայի հաղորդագրության մեջ, Windows 10-ը հասանելի է դեսքթոփերի համար նախատեսված ռեժիմով, երբ ճանաչում է այնպիսի սարքեր, ինչպիսիք են մկնիկը և ստեղնաշարը, իսկ եթե դրանք միացած չեն, ապա համակարգն աշխատում է սենսորային կառավարման ռեժիմով: Դրա հետ մեկտեղ հիբրիդային սարքերում գործառնական համակարգն ինքը կանցնի այս կամ այն ռեժիմին՝ կախված ստեղնաշարի միացված լինելուց:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նաև Windows 10-ով կառավարվող բոլոր սարքերը կարող են սինքրոնացվել ռեալ ժամանակի ռեժիմով, ընդ որում դրանցից յուրաքանչյուրի դեպքում հավելվածները կաշխատեն նույն ձևով: Հավելվածներով աշխատելը հարմար դարձնելու համար նախատեսված է Snap գործառույթը, որը թույլ է տալիս մեկ էկրանի վրա աշխատել չորս ծրագրերով: