Հունվարի 23-ի գիշերն ադրբեջանական կողմը գնդակոծել է ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանապահների դիրքերը:

 

Արցախի Հանրապետության Մարտակերտի ու Ասկերանի շրջանների և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանների որոշ հատվածներում հայկական կողմը դիմել է կանխարգելիչ միջոցների, որոնք ուղղված են եղել թշնամու ակտիվության կասեցմանը: 

 

Voskanapat.info-ն՝ հղում անելով իրավասու աղբյուրներին, գրում է, որ հակառակորդը կրել է բազմաթիվ զոհեր:


Միայն Մարտակերտի շրջանի Գետառատ գյուղի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանցի ավելի քան տասը դիվերսանտ: Առնվազն յոթ ադրբեջանցի դիվերսանտ է սպանվել Տավուշի մարզի դիրքերի պաշտպանության ընթացքում:


Այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել:


Ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: