Լուրեր.com-ի զրուցակիցն է «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզի տնօրեն Գայանե Ալեքսանյանը:
- Ի՞նչ հաջողություններ և ձեռքբերումներ է գրանցել «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզը 2014 թվականի ընթացքում:
- Շատ լավ տարի է եղել մեր կենտրոնի երեխաների համար. ունեցել ենք հագեցած դասացուցակ, բազմաթիվ տիկնիկային և ստվերային թատրոններ, խոհարարական նախագծեր, որտեղ երեխաներն իրենց ձեռքով են պատրաստում ամեն ինչ, կազմակերպվել են ուսուցողական նախագծեր, ունեցել ենք գեղեցիկ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են մեր սաների ստեղծագործական աշխատանքները:
2014 թվականին մենք մասնակցել ենք «Armenian Business meeting»-ին, որը հնարավորություն տվեց համագործակցել տարբեր ոլորտների ճանաչված կազմակերպությունների հետ:
Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների առաջարկով` իրենց ուսանողների համար անց ենք կացրել սեմինարներ: Քանի որ Մոնտեսսորի մեթոդաբանությունը մանկավարժության ճյուղերից է, հետևաբար ուսանողներն ուսումնասիրում են այն: Մեր կենտրոնն այն միջավայրն է, որտեղ ուսանողներն ավելի մանրամասն և տպավորիչ են ծանոթանում մեթոդաբանության առանձնահատկություններին:
Սեմինար անցկացվեց նաև մեր ծնողների համար, որի նպատակն էր ծնողներին ծանոթացնել Մոնտեսսորի մեթոդաբանության կարևոր առանձնահատկություններին: Նրանք ուսումնասիրեցին պարագաները և ծանոթացան դրանց օգտագործման եղանակներին:
Ունեցել ենք բազմաթիվ հյուրեր արտերկրից՝ տարբեր Մոնտեսսորի կենտրոններից, որոնց շատ հետաքրքիր էր տեսնել՝ Հայաստանում գործող Մոնտեսսորի կենտրոնը որքանով է համապատասխանում միջազգային նորմերին, և ասեմ, որ բավականին մեծ տպավորություն ստացան, որովհետև մեր ձեռք բերած բոլոր պարագաները և միջավայրը բարձրակարգ են և որակյալ:
Մեր ձեռքբերումներից մեկը եղավ այն, որ մեր աշխատակազմը համալրվեց ևս մեկ Մոնտեսսորի մանկավարժով, ով մեզ մոտ է եկել Ռուսաստանից և ունի տարիների աշխատանքային փորձ: Նա իր եռանդն ու գիտելիքները չի խնայի մեր սաների համար:
- Ո՞րն է եղել 2014 թվականին հաջողության հասնելու ձեր գրավականը:
- Համախմբված, նվիրումով աշխատանքը, լավ տրամադրվածությունը, սերը դեպի երեխաները:
- Դուք առաջինն էիք, որ Մոնտեսսորիի մեթոդաբանությունը կիրառեցիք Հայաստանում: Դրա կիրառումն արդարացրե՞ց ձեր սպասումները:
- Այո, առաջինն էիք և միակ կենտրոնը, որ մեթոդը ներկայացնում ենք իր լիարժեք տեսքով, այսինքն՝ Մոնտեսսորի պարագաների ամբողջական փաթեթ և համապատասխան որակավորում անցած Մոնտեսսորի մանկավարժներ, ովքեր ամբողջությամբ տիրապետում են այդ պարագաների կիրառմանը:
Սկզբնական շրջանում շատ բարդ էր ներկայանալ որպես Մոնտեսսորի կենտրոն, քանի որ շատերը չեն ճանաչում այդ մեթոդը, բայց պետք է հպարտությամբ նշեմ, որ մեծ բավականություն եմ ստացել՝ տարբեր միջավայրերում լսելով Մոնտեսսորիի մասին: Հաճելի է գիտակցել, որ մեր աշխատանքի շնորհիվ Մոնտեսսորին ճանաչում է ձեռք բերում նաև Հայաստանում: Այժմ արդեն ավելի հեշտ է, երբ ծնողն իր երեխային բերելիս՝ արդեն գիտի, թե այս մեթոդի շնորհիվ ինչ կստանա երեխան:
- Ի՞նչ ակնկալիքներ կան 2015 թվականից: Ի՞նչ նորամուծություններ և անակնկալներ է նախապատրաստում «Մոնտեսսորի սիթին» մանուկների համար 2015 թվականին:
- Տարին կսկսենք որոշ փոփոխություններով: Անգլերենը կդառնա ամենօրյա, կունենանք դասապատրաստում տարրական դասարանի աշակերտների համար, որոնց համար կստեղծվեն լավագույն պայմանները՝ ներառյալ սնունդը: Առջևում ունենք նաև անակնկալ, որի մասին դեռ շուտ է խոսել: Նշեմ միայն, որ այն կապ ունի արտերկրի հետ համագործակցության հետ: