ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հունվարի 22-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Սարգսյանն ու կոնգրեսական Շիֆն անդրադարձել են ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգի հարցերի:

 

Դեսպան Սար գսյանը բարձր է գնահատել կոնգրեսական Շիֆի անձնական դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերն ԱՄՆ քաղաքական օրակարգում մշտապես բարձր պահելու ուղղությամբ: Իր հերթին կոնգրեսական Շիֆը վերահաստատել է իր հանձնառությունը:

 

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, մասնավորապես, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայքով լարվածության աճին: Այս համատեքստում կոնգրեսական Շիֆն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ջանքերի գործադրման առաջնահերթությունը: Դեսպան Սարգսյանի խոսքերով' այդ հարցում առանցքային նշանակություն ունի ԱՄՆ և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության ակտիվ դերակատարությունը և դիրքորոշումը:

 

Հանդիպմանը կարևորվել է ամերիկյան ներդրումների ներգրավման հարցը' շեշտելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի դրական փորձը, համագործակցությունը Սիլիկոնյան հովտի ձեռնառկությունների և ներդնողների հետ։ Կոնգրեսմենը նշել է Արմթեքի անցկացման կարևորությունը' հիշելով, որ առաջին հանդիպումը զրուցակիցների միջև տեղի է ունեցել հենց այդ կոնֆերանսի ընթացքում, որին նա մասնակցում էր' իբրև հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների աջակից:

 

Կոնգրեսական Շիֆի խնդրանքով ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, դրա շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին և ԵՏՄ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարներին:

 

Դեսպան Սարգսյանը ներկայացրել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները' կարևորելով ԱՄՆ կոնգրեսականների մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին: