Հայաստանում ձմռանը դիտված տաք եղանակային պայմանները կարող են պատճառ հանդիսանալ գյուղատնտեսական տարվա վաղաժամ մեկնարկի համար: Հողի մշակման աշխատանքների ժամանակից շուտ մեկնարկը առանց խոչընդոտների կազմակերպելու համար Գյուղատնտեսության նախարարը հանդիպումների շարք է սկսել տարբեր մարզերի գյուղատնտեսների և համայնքների ղեկավարների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' առաջին հանդիպումը Արարատի մարզում էր, որտեղ նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց ոլորտին առնչվող հիմնական հարցերը և լսեց գյուղատնտեսների մտահոգությունները:

 

«Եղանակային պայմանները մտահոգության տեղիք են տալիս, քանի որ շեղում կա, և հնարավոր է գյուղաշխատանքները ավելի շուտ սկսվեն: Դրա համար մոտակա օրերին պետք է պատրաստվենք գյուղատնտեսական տարվա մեկնարկին: Այս տարին ծանր է լինելու գյուղատնտեսության համար, սակայն պետք է փորձենք նույնիսկ վատ տարվա ընթացքում լավ աշխատանք կատարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Կարապետյանը:

 

Գյուղատնտեսական գերատեսչության ղեկավարի խոսքով' նախորդ տարին ևս բավական բարդ է եղել ոլորտի համար, սակայն աճի ցուցանիշները դրական են:

 

«Երեկ արդեն Ազգային վիճակագրական ծառությունը հրապարակեց 2014-ի տնտեսական ցուցանիշները, որտեղ գյուղատնտեսության ոլորտը գրանցել էր 7.2 տոկոս աճ: Բացի այդ, ՀՆԱ-ում գյուղատնտեսության ոլորտի մասնաբաժինը կազմում է 22-23 տոկոս: Արդյունքները զգալի են, սակայն ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ 2011 թվականից ի վեր մենք յուրաքանչյուր տարի 15 հազար հեկտար ավելի վարելահողեր ենք օգտագործում»,- ասաց նախարարը:

 

Նա նշեց, որ Հայաստանի վարելահողերի շուրջ 74.5 տոկոսը օգտագործվում է, սակայն կա այդ թիվն ավելացնելու հնարավորություն: