Հունվարի 28-ն Ազգային բանակի օրն է՝ Հայաստանի ամենակարևոր օրերից մեկը:

 

Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի «պետություն» և «բանակ» հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է, եթե չասենք անկարելի, պատկերացնել մեկն առանց մյուսի: Ե՛վ մեկի, և՛ մյուսի համար սկիզբը եղավ 1988-ի փետրվարը՝ սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման: Հայոց բանակն իր կայացման ճանապարհին (ինչպես և հայոց պետականությունն ինքը) անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ: Հիմնարար գործընթացների ու իր առջև դրված խնդիրների տեսանկյունից մեր բանակի անցած ուղին, կարելի է բաժանել երեք փուլի:


Առաջին. 1988-1992, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ընթացքում դրված էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցը: Այդ շրջանում երկրի, ինչպես նաև ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում էին կամավորական ջոկատները:

 

1990-ի սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, իսկ 1991-ի մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն:


Երկրորդ. 1992-ի հունիս-1994-ի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը:

 

1992-ի հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը:


Երրորդ. 1994-ի հունիսից մինչ օրս: Այս փուլը, կարելի է անվանել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ:

 

Այս փուլերից յուրաքանչյուրը, լինելով մեր բանակային պատմության շղթայի կարևորագույն օղակ, առանձնանում է իր յուրահատկություններով, զարգացման տրամաբանությամբ, տվյալ ժամանակում գոյություն ունեցող իրողություններով և մինչև իսկ հոգեբանությամբ: Ճիշտ չի լինի դրանցից որևէ մեկը որակել պակաս կամ ավելի բարդ, քանզի դրանք համեմատելի չեն մի շարք առումներով. համեմատելի չեն ժամանակները, քաղաքական իրողությունները, առկա ռեսուրսները:

 

22 տարի առաջ կամավորական հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Մեզ համար հայոց բանակն ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը:

 

Մենք' հայերս, լավ գիտենք խաղաղության գինը, և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր սնած ու փայփայած բանակը, ուրախանանք նրա ձեռքբերումներով:

 

Հզոր բանակ ունեցող պետության մեջ կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել խաղաղությամբ, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի կողմից: