Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծված և «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. խաղարկային» մրցույթում հաղթող ճանաչված «Թևանիկ» ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ մի շարք քաղաքներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը տեղեկացրեց, որ կինոնկարը ներկայացվել է Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Բոսթոն, Նյու Յորք, Վաշինգթոն քաղաքներում:
«Ամեն տեղ դահլիճը լեփ-լեցուն էր, «Թևանիկ»-ը մեծ սիրո էր արժանանում: Լոս Անջելեսում շատ ծավալուն կերպով էր կազմակերպված՝ կարմիր գորգով և հյուրասիրությամբ: Շատ գեղեցիկ անցավ: Ես այնտեղ նաև հաջորդ ՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի համար պայմանավորվածություններ ձեռք բերեցի: Վաշինգթոնի պրեմիերային ներկա էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և այլ պաշտոնատար անձինք: Այս ամենը կազմակերպել էր Արիկ Գևորգյանը՝ ԱՄՆ-ում «Թևանիկ» ֆիլմի պատասխանատուն»,- նշեց Ջիվան Ավետիսյանը:
Նախատեսված է ցուցադրություններ կազմակերպել նաև ԱՄՆ Սակրամենտո, Օքլենդ, Քուփերթինո, Չիկագո, Դեթրոյտ և կրկին Բոսթոն քաղաքներում, Հունաստանում, Փարիզում, Արգենտինայում, Քուվեյթում:
Ռեժիսորի խոսքով՝ «Թևանիկ» ֆիլմը ստեղծված է մեծ սիրով: «Ֆիլմն անկեղծորեն է ստեղծվել: Սա բողոք է պատերազմի դեմ՝ ականատեսի աչքերով, ով խաղաղություն է քարոզում: Եվ ինձ թվում է, մենք կարողացել ենք ճիշտ ձևով խոսել մարդու, պատերազմի չարիքի մասին՝ առանց արյունահեղ տեսարաններ ցուցադրելու»,- հավելեց Ջիվան Ավետիսյանը:
«Թևանիկը» պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները' մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Կինոնկարը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից' նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա' տարբեր կերպ: Պատերազմ է: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել' ինչ է դա: Պատերազմի դաժանությունը վերջ է դնում շատերի կյանքին:
Ֆիլմի նկարահանումների իրականացմանը աջակցել է ԼՂՀ կառավարությունը: Այն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը' Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ: Կինոնկարը ներկայացվել է Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում: