Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 28-ի երեկոյան կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը, Օլանդի մասնակցությունն ընթրիքին ընդգրկված է այսօրվա նրա պաշտոնական օրակարգում:

 

Ընթրիքը տեղի կունենա Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում: Nouvelles d'Armenie-ի փոխանցմամբ, միջոցառումը Երևանի ժամանակով կմեկնարկի այսօր կեսգիշերին: Ընթրիքին կմասնակցեն նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայի կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական գործիչներ: Ակնկալվում է, որ այն իր ներկայությամբ կպատվի նաև աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

 

Այս ընթրիքով Ֆրանսիայում կմեկնարկեն «2015. Ցեղասպանության 100-ամյա տարելից» ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները: