Ադրբեջանում հերթական հիստերիան է առաջացել այն բանի պատճառով, որ լեհական արտադրության Rafaello կոնֆետների փաթեթավորման վրա հայերեն գրառումն արված է ադրբեջաներենից «առաջ», եւ սա դեռ քիչ է' խախտելով այբուբենը' հայերենի եւ ադրբեջաներենի միջեւ նշված է վրացերեն:

 

Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանների qaziler.az նորաստեղծ կայքն իր' «Մեզ, մեր լեզուն ատող լեհ արտադրողներից ամեն ինչ սպասելի է» վերտառությամբ հոդվածում այդ առնչությամբ գրում է. «Նշանակում է, հայերին եւ վրացիներին մեզնից առաջ են տարել նրանց քրիստոնյա լինելու համար: Նշանակում է, քրիստոնյաներին պաշտող, մուսուլմաններին եւ թուրքերին ատող լեհ արտադրողները, այսինքն' Ferrero ընկերության լեհական բաժանմունքի ղեկավարները դրանով ցույց են տվել Ադրբեջանի նկատմամբ ունեցած իրենց ատելությունը», -գրում է կայքը' նշելով. «Ինչու՞ պետք է պետք է մենք մեր փողերը ծախսենք հայամետ, քրիստոնյաներին գերակա համարող լեհերին հարստացնելու համար»:

 

«Ինչո՞ւ պետք է Ադրբեջանում հայերեն գրառված որեւէ ապրանք վաճառվի, դա անթույլատրելի է: Նշանակում է, այստեղ լեհական' հակաթուրքական, իսլամատյաց այդ կոնֆետները Ադրբեջան բերելու մեջ այլ նպատակ կա: Ո՞վ գիտի, եթե Rafaello-ի լեհ արտադրողները Ադրբեջանի նկատմամբ նման ատելություն են դրսեւորում, ուրեմն ինչ-որ մի «X» ժամանակ այդ կոնֆետների մեջ նրանք կարող են ռադիոակտիվ նյութեր կամ այլ թույներ մտցնել եւ ուղարկել Ադրբեջան ու թունավորել մեզ: Չէ՞ որ մեզ ու մեր լեզուն ատող լեհ արտադրողներից ամեն բան սպասելի է», -համոզմունք է հայտնում կայքը:

 

Հոդվածագիրը նշում է, որ մեղադրում է Ադրբեջանին ատող' հայամետ եւ քրիստոնյաներին պաշտող լեհերի կոնֆետները Ադրբեջան բերող գործարարներին: «Ամբողջ աշխարհը գիտի Ադրբեջանի որոշ գործարարների անգրագիտության, ազգային ինքնագիտակցությունից զուրկ լինելու, իր ստամոքսի համար հային եւ մեր այլ ազգային թշնամիներին քծնելը…», -եզրահանգում է կայքը: