Թուրքական «Հազար ու մի գիշեր» հեռուստասերիալի ցուցադրությունն Արգենտինայում առաջացրել է տեղի հայ համայնքի դժգոհությունը: Հայերը ստորագրահավաք են սկսել հեռուստասերիալի ցուցադրությունը դադարեցնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը:

 

Տեղի հայկական Prensa Centro Armenia լրատվականը հրապարակել է մի հոդված, որտեղ նշված է, որ հայերը չեն ցանկանում գրաքննել ֆիլմը, սակայն բողոքում են դրա ցուցադրության դեմ: Լրատվականը մասնավորապես ընդգծել է, որ «Հազար ու մի գիշեր»-ի ցուցադրությամբ փորձ է արվում չեզոքացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարվա հիշատակի արարողությունները: Միաժամանակ Prensa Centro Armenia-ն փաստել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության հեղինակ Թուրքիան շարունակում է հերքման քաղաքականությունը:

 

Արգենտինայի Հայ ազգային կոնգրեսը ևս հայտարարություն է տարածել' արձանագրելով, որ հեռուստասերիալում ներկայացված չեն երկրում առկա բացասական երևույթները: «Օրինակ, չեն ցուցադրվում Թաքսիմի դեպքերի ժամանակ պետության կիրառած ճնշումները, աշխարհում ամենամեծ թվով բանտարկված լրագրողներ ունենալու տխրահռչակ ռեկորդը, Facebook-ի և Twitter-ի նման սոցիալական ցանցերի նկատմամբ արգելքի կիրառումը, քրդական փոքրամասնության նկատմամբ կիրառվող ճնշումները: Փոխարենը ներկայացված են միայն Թուրքիայի գորգերը, սուրճը, երաժշտությունը և ընտանեկան ուժեղ կապերը»,- նշվում է հայտարարության մեջ: Հայ ազգային կոնգրեսը վստահություն է հայտնել, որ Ցեղասպանության պատասխանատու Թուրքիան իր ժխտողականությամբ վնասում է սեփական ժողովրդին: