Այսօր բավականին լարված մթնոլորտում կառավարության շենքի առջև շարունակվեց Երևանի և մարզերի տոնավաճառների աշխատակիցների, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ակցիան, ովքեր պայքարում են փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
Թեպետ առավոտվանից կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում էին վարչապետից ներքև իջնել, բայց որոշվեց, որ քաղաքացիներից 15 հոգի բարձրանա կառավարության շենք՝ վարչապետի հետ հանդիպելու:
Վարչապետի և ՓՄՁ ներկայացուցիչների հանդիպման ավարտից հետո որոշվել է, որ գործադիրի ղեկավարը հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի երկուշաբթի օրը՝ ժամը 18.00-ին:
Նշենք, որ ցուցարարներին միացան նաև ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը և Վահան Բաբայանը:
Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ եռյակը որոշել է ՓՄՁ-ների հարցով երկուշաբթի օրն արտահերթ նիստ հրավիրել, իսկ բարձրացված խնդիրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է և նա իր աջակցությունն է հայտնում հավաքված քաղաքացիներին:
Միևնույն ժամանակ, պատգամավորը դիմելով հավաքվածներին, ասաց, որ առանց քաղաքացիների աջակցության՝ հնարավոր չէ լուծում տալ և կոչ արեց կրկին հավաքվել և միասին լուծել հարցը:
ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպման մանրամասները դիտեք տեսանյութում: