Tert.am-ի տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն:
Նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է դիմումը։ Ավելին՝ վերջինս հանձնարարել է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմին ազատել պաշտոնից:
Ավելի վաղ, Լուրեր.com-ը տեղեկացրել էր, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Հայկազ Արկադիի Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։