Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատում է իր որդուն' Բիլալին եւ դստերը' Սումեյային անձեռնմխելիություն ապահովել, որպեսզի իրավապահներին զրկի նրանց դեմ հետաքննություն անցկանեու հնարավորությունից' կապված 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալին նրանց մասնակցության հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը' հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը' նշելով, որ Էրդողանը ցանկանում է Թուրքիայում առաջիկա հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իր որդու եւ դստեր համար պատգամավորական մանդատ ապահովել:
Կայքը հայտնում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Սուլեյման Սոլուն դեռեւս անցյալ ամիս հայտարարել էր, որ «լավ կլիներ, եթե Սումեյա Էրդողանը պատգամավոր ընտրվեր», ինչից հետո ԱԶԿ-ում սկսել են հող նախապատրաստել Էրդողանի դստերը խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու առաջադրելու համար:
Այդ հայտարարությունը Թեզջանն արել է Այդընի Քուշադասը քաղաքում գիտնականների հետ ունեցած մի հանդիպման ժամանակ: «Դեկտեմբերի 17-25-ի ապօրինությունների հետաքննության գործընթացից հետո Էրդողանի որդու եւ դստեր անձեռնմխելիության խիստ կարիք կա: Նրանց պատգամավորական մանդատով ապահովելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են սկսվել», -ասել է նա:
2013 թվականի դեկտեմբերի 17-25-ի ապօրինությունների եւ կաշառքի բացահայտման գործողությունների շրջանակում հրապարակվել էին նաեւ Սումեյա եւ Բիլալ Էրդողանների կոռուպցիոն գործարքների մասին հեռախոսազրույցների ձայնագրությունները: Բիլալն ու Սումեյան այն ժամանակ խուճապի էին մատնվել եւ Էրդողանի հետ հեռախոսազրույցներով խորհրդակցելուց հետո «զրոյացրել» իրենց հայուր միլիոնավոր դոլարների հասնող կանխիկ գումարները:
Այդ բացահայտումից շոկի մեջ հայտնված Էրդողանն աշխատանքից ազատել էր կոռուպցիոն գործարքների մասնակից իր 10 նախարարներին: Սակայն այն բանից հետո, երբ հանրությունը սկսել էր պահանջել կառավարության ամբողջ կազմի հրաժարականը, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանը Գյուլենի հետ համագործակցելու «մեղադրանքով» աշխատանքից հեռացրել է կոռուպցիոն սկանդալը բացահայտած 1000-ից ավելի իրավապահների, դատախազների եւ դատավորների: