Եթե ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական ակտիվությունը հնարավոր լինի պահել նույն մակարդակի վրա, ապա դա կլինի ձեռքբերում: Նմանատիպ կարծիք, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողներին հետ փետրվարի 4-ի հանդիպմանը հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
«Դա բացատրվում է նրանով, որ անցած տարվա սկզբին մենք կարողացել էին կուտակել ավելի շատ ռեսուրսներ, քան մենք կարողացանք կուտակել տարվա վեջում: Եվ ընթացիկ տարում ավելանալու են Հայաստանի պարտքերը: Դրա մասին է խոսում նաև եվրոպարտատոմսերի թողարկման հանգամանքը. դա կառավարության կողմից գումարներ ներդնելու փորձ է», - ասաց Վիլեն Խաչատրյանը:
Խոսելով տնտեսական աճի մասին' տնտեսագետը նշեց, որ այն ցուցաբերում է անկման միտումներ, հաշվի առնելով այն փաստը, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կանխատեսել է, որ այս տարի Հայաստանը տնտեսական աճ չի գրանցի, Արժույթի միջազգային հիմնադրամը Ռուսաստանի համար կանխատեսել է տնտեսական աճի 3% անկում, իսկ ամբողջ ԱՊՀ տարածքի համար՝ 1,4%: Այս տվյալների հիման վրա Վիլեն Խաչատրյանը հետևություն կատարեց, որ մեր երկրում, ամենայն հավանականությամբ, 2015թ. կարձանագրվի տնտեսական անկում:
Տնտեսագետը նշեց, որ շինարարության ոլորտը այս տարի նույնպես չի ցուցաբերի աճի միտումներ, սակայն գյուղատնտեսության ոլորտում ակնկալվում է արտահանման աճ՝ հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը: