Ադրբեջանի ուսանողների ընդունելության պետական հանձնաժողովի նախագահ Մալեյքա Աբբասզադեն «Աբիտուրիենտ» հանդեսի 12-րդ համարի շնորհանդեսի ժամանակ հանդես է եկել ցնցող հայտարարությամբ այն մասին, որ Ադրբեջանի միջնակարգ դպրոցների 9-րդ եւ 11-րդ դասարաններում գրել եւ կարդալ չիմացող մեծ թվով աշակերտներ կան:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

«Անհասկանալի է մնում, թե նրանք ինչ գիտելիքների եւ հմտությունների համար են հասել 9-րդ եւ 11-րդ դասարաններ», -ասել է նա:

 

Աբբասզադեն նշել է, որ համաձայն ընթացիկ քննությունների արձանագրությունների, նման աշակերտների թիվը կազմում է 66, սակայն, հաշվի առնելով, որ նման դեպքերը մեծ մասամբ գրանցվում են քննությունների ղեկավարների կողմից, կարելի է ենթադրել, որ նման փաստերն ավելի շատ են, իսկ իրավիճակն' ավելի ցավալի:

 

Նրա խոսքով' Ադրբեջանում բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմողների 64,7 տոկոսը քննությունից անբավարար գնահատական է ստացել, իսկ 20 շրջաններից դիմորդների 40 տոկոսն ընդունելության քննություններից անցողիկ նվազագույն 100 միավորից ցածր միավոր է հավաքել: