ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան դրական է գնահատում Մինսկում ընթացած բանակցություններն ու հրադադարի շուրջ համաձայնության ձեռքբերումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' փետրվարի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում դեսպանը ասել է. «Ուկրաինայի համար ամենակարևորը հրադադարն է, որպեսզի խաղաղ բնակիչները չմահանան: Եթե ստորագրություն է դրված, նշանակում է' այն պետք է հարգվի:

 

 

Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ մինսկյան համաձայնագրերը, որոնք ստորագրվել էին սեպտեմբերին, ինչպես հռչակագիրը, այնպես էլ՝ արձանագրությունը, պետք է ի կատար ածեն բոլոր կողմերը, և, առաջին հերթին, հակամարտող կողմերը' անջատողականներն, Ուկրաինան և ՌԴ-ն: Մենք մեծ արդյունքների ենք սպասում այդ գագաթնաժողովից, որն այսօր ավարտվել է Մինսկում»,- ասաց Կուխտան:

 

 

«Նորմանդական քառյակի» բանակցությունները տեւել են 16 ժամ: Բանակցությունների արդյունքում հաստատվել են այն համալիր միջոցառումները, որոնք նպատակամղված են Մինսկում անցյալ տարվա սեպտեմբերին ձեռբերված համաձայնությունների իրագործմանը: Մասնավորապես, որոշում է կայացվել, որ փետրվարի 15-ին կրակոցները պետք է դադարեցվեն: