«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին, Պարույր Հայրիկյանին եւ Հրանտ Բագրատյանին հրավիրում է բանավեճի: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն իր ավելի վաղ արած հայտարարությունը կրկնեց Արամ Հարությունյանը:
Նա պատրաստ է Պարույր Հայրիկյանի հետ խոսել նրա իսկ առաջարկած բանաձեւից, Հրանտ Բագրատյանի հետ իր կառավարման տարիներից, իսկ Րաֆֆի հետ «դժվար է բանավիճել, բայց թեմա կգտնենք, կբանավիճենք»:
NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ մյուս թեկնածուներին էլ բանավեճի չեք հրավիրում, նա պատասխանեց. «Վարդան Սեդրակյանի տեսակը հարգում եմ, բայց քաղաքական գործիչ չէ. ինքը դեկորացիայի մաս չէ, Անդրիասը, ուզում եմ հավատալ, որ մղումներն ազնիվ են, Արման Մելիքյանին հարգում եմ, իր հետ բանավիճելու խնդիր չունեմ: Միայն երեք թեկնածուներն են հույս կապում եւ հավատում, որ հաղթելու են»,- ասաց նախագահի թեկնածուն:
Նա նշեց, որ պատրաստ է բանավիճել նաեւ ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ, սակայն դա համարում է «անիմաստ սուր ճոճել», որովհետեւ վերջինս չի պատրաստվում բանավիճել: