Թուրքիայի ներքին քաղաքական օրակարգը նախընտրական տարվա ընթացքում շարունակում է մնալ լարված և իրադարձություններով հարուստ: Երկրի քաղաքական այրերն արդեն իսկ սկսել են բացահայտ պայքարը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ձայներ ստանալու համար: Անցնող շաբաթվա սկզբին «Արմենպրես»-ը տեղեկացրեց Թուրքիայում հետաքրքիր քաղաքական զարգացման մասին. Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը հրաժարական տվեց զբաղեցրած պաշտոնից: Հրաժարականի պատճառը հունիսին այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նրա ցանկությունն է:

 

Թուրքիայի պաշտոնաթող եղած զինվորականները հայտնեցին քաղաքականության մեջ մտնելու իրենց մտադրության մասին: Հիմնադրվեց «ԱՍ» կուսակցությունը, որի կազմում ներառված են լինելու 200 հազար նախկին զինվորականներ: Կուսակցության պաշտոնական գրացնման համար դիմում ներկայացվեց երկրի ներքին գործերի նախարարություն:

 

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պայքարի մեջ ներքաշված քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտնեց, որ փնտրում է ազգությամբ հայ թեկնածուի՝ առաջադրելու համար: Հայտնի դարձավ, որ կուսակցությունն առաջարկել է թեկնածու դառնալ Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, սակայն վերջինս հրաժարվել է, և ներկայում կուսակցությունը փնտրում է նոր թեկնածուի:

 

Անցնող շաբաթը չէր կարող զերծ լինել պետական այրերի կողմից հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես եկավ հերթական սադրիչ հայտրարությամբ՝ կարծիք հայտնելով, թե Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը հայկական լոբբին օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: «Վերջերս Գյուլենը հայտարարել էր, որ Թուրքիայում ոչ մահմեդականների, այդ թվում' հայերի իրավունքները ոտնահարվում են, ինչը բխում է հայկական լոբբիի շահերից», -ասել էր Դավութօղլուն' նշելով, որ նման հայտարարությունը պատահական չէ, եթե հաշվի առնվի, որ ապրիլի 24-ին նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

 

Դավութօղլուից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոլումբիայում խոսեց հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նա հայտարարեց, թե ապրիլի 24-ին Հայաստանի նախագահին Չանաքքալե հրավիրելը երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման փորձ է եղել: Հիշեցնելով, որ այս տարի լրանում է «1915 թվականի դեպքերի 100-րդ տարին», Էրդողանը կրկին փորձեց հավասարության նշան դնել զոհի և ցեղասպանողի միջև: Նա այս անգամ ևս չզլացավ խոսել արխիվները բացելու և պատմական իրադարձություններն ուսումն ասիրելու մասին, իսկ հայկական սփյուռքին մեղադրեց «սև քարոզչություն» իրականանցնելու մեջ:

 

Շաբաթվա վերջին վարչապետ Դավութօղլուն հանդիպեց երկրի փոքրամասնությունների, այդ թվում և հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ անելով սիրաշահող, կեղծ հայտարարություններ: «Դուք այս հողերի իրական զավակներն եք, դրսից չեք եկել ու դուրս չեք գնալու: Այս ավանդույթներն ապրել են այս հողերում ու շարունակելու են այստեղ ապրել»,- հայտարարեց Դավութօղլուն՝ կրկին հիշելով «բոլորի ապրած ցավերի» ու «համատեղ պատմության» միֆի մասին: Նա չզլացավ այս անգամ ևս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղյան հակամարտու թյամբ՝ ասելով, որ «եթե հայկական կողմը զորքերը դուրս բերի թեկուզ մեկ գրավյալ տարածքից, իրենք կբացեն սահմանը»: