Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև առևտուրը հունվարի 2-ից կատարվում է առանց ներմուծման և արտահանման մաքսատուրքերի՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, ինչի արդյունքում բավականին հեշտացել է Հայաստանում արտադրվող ապրանքների արտահանումը Միության երկրներ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի բաժնից, այդ մասին նշել է Ֆինանսների նախարարության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արամ Քոչարյանը:

 

 

«ԵՏՄ ապրանքները ՀՀ ներմուծելիս կրկնակի մաքսային ձևակերպում չի իրականացվում։ Փոփոխություններով, փաստորեն, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չունեն: Նոր կարգով' ներմուծման կամ արտահանման վերաբերյալ ընդամենը 2 փաստաթուղթը տնտեսավարողը ներկայացնում է հարկային մարմին»,-տեղեկացրել է Արամ Քոչարյանը:

 

 

ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված' փոփոխություններ են կատարվել նաև ներմուծման դրույքաչափերում: Որոշ խումբ ապրանքների համար նվազեցվել կամ նույնիսկ զրոյացվել են դրույքաչափերը, իսկ որոշ ապրանքերի դեպքում' բարձրացվել: Հայաստանի կառավարության ջանքերով 776 ապրանքների դրույքաչափեր մնացել են անփոփոխ. դրանք կհավասարվեն Մաքսային միության դրույքաչափերին' սկսած 2022 թվականից։ Այդ ապրանքների թվում են սննդամթերքը, արտադրության հումքը, շինանյութը և այլ ապրանքներ։

 

 

Նվազել են սառեցված ձկան, ավտոպահեստամասերի որոշ տեսակների, պլաստմասայե խողովակների, պլաստմասայե այլ արտադրանքի, արևադարձային մրգերի մաքսատուրքերը, իսկ հանվել է կանաչ սուրճի, պոմպերի, կոմպրեսորների, կենցաղային էլեկտրատեխնիկայի որոշ տեսակների մաքսատուրքը։ Կան նաև որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացում' ինչպես, օրինակ, կահույքի, կենցաղային էլեկտրատեխնիկայի, փայտանյութի, ավտոպահեստամասերի որոշ տեսակների։

 

 

Նորամուծություններ կան նաև ոչ ԵՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծման մասով: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում երկարաձգվել են ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների հայտարարագրման համար սահմանված ժամկետները: Նախկին 10 օրվա փոխարեն գործում է սկզբնական 2 ամիսը՝ հետագայում ևս 2 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն, ներկրողներին հնարավորություն է ընձեռվել ապրանքների մաքսատուրքերի, հարկերի վճարումները կատարել հայտարարագրումից հետո մինչև սահմանված ժամկետում այդ ապրանքների բացթողումն՝ առանց տույժերի և տուգան քների։