Բանակի օրվա կապակցությամբ նախագահի երեք թեկնածուների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի համատեղ հայտարարությունը կարծես թե շարունակվելու միտում ունի՝ նախընտրական գործընթացի զարգացման տեսքով:
Հայտարարության կողմերից մեկը՝ Պարույր Հայրիկյանը, արդեն հասցրել է հայտարարել միասնականության անհրաժեշտության և իր թեկնածությունը հանելու պատրաստակամության մասին: Չի բացառվում, որ կամ նախանշվում է առաջին փուլին ընդառաջ «միասնական» թեկնածուի տարբերակը, կամ էլ պարզապես հիմքեր են ստեղծվում երկրորդ հնարավոր փուլի ժամանակ իրենցից որևէ մեկին սատարելու համար: Առայժմ լուռ են Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսինքն' նրանք իրենց քարոզարշավը շարունակում են առավելապես «ավտոնոմ» ռեժիմով և առայժմ չեն արտահայտվում հնարավոր «միասնականությանե թեմայով: Չի բացառվում, որ նրանց բաժին հասած դերն այս փուլում հենց «միասնական» թեկնածուի կարգավիճակի համար պայքարելն է, այսինքն' երկրորդ փուլի արտոնագիր նվաճելը:
«Միասնականության» տարբերակն ըստ ամենայնի արձագանքն է առկա իրավիճակին: Քարոզարշավը արդեն մոտենում է հասարակածին« սակայն դեռևս չկա որևէ ինտրիգ, որը հնարավորություն կտար լիարժեք մրցակցային տպավորություն թողնել ընտրական գործընթացի առումով: Առանձին-առանձին թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Հրանտ Բագրատյանը, թե Պարույր Հայրիկյանը որևէ կերպ չեն կարողանում հասարակական հետաքրքրությունը բարձրացնել այն աստիճան, որքան պահանջվում է մրցակցային նվազագույն «կարգավիճակի» համար: Ու քանի դեռ ժամանակ կա, անցում է կատարվում «միասնական» տարբերակին: Ընտրական գործընթացում գործի է դրվում, այսպես ասած, պլան «բ»-ն, որը պետք է որ առաջացնի մրցակցային այն նվազագույն դետոնացիան, որն անհրաժեշտ է նախընտրական ինտրիգ սրելու և այդպիսով ընտրությունը փրկելու համար: Սակայն, ամենայն հավանականությամբ, պլան «բ»-ն լիարժեք գործողության մեջ կդրվի այն դեպքում, երբ կարիք լինի երկրորդ փուլի: Այսինքն' ավելի ճիշտ կլինի ասել, որ այն ներառում է անպայմանորեն երկրորդ փուլ
Սակայն, ավելի հետաքրքիր է իհարկե, թե «միասնականության» ներկայիս ձևաչափը ինչ շարունակություն է ունենալու երկրորդ հնարավոր փուլից հետո: Այսինքն' Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը եթե տեսականում միանան իրար, ի՞նչ են անելու հետո, երբ Սերժ Սարգսյանը, բնականաբար «ավանդական» ընտրական մեթոդների կիրառմամբ, իր անվան դիմաց կգրանցի հաղթական թվեր և դրանք կհաստատի ԿԸՀ-ով: Երեք թեկնածուները հայտարարել են, որ այդ դեպքում ընտրությունները կհայտարարեն հակասահմանադրական: Բայց դա արդեն Հայաստանը մի քանի անգամ անցել է, և կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը նաև Սահմանադրական դատարանով կանցկացնի իր թվերը: Ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ են անելու այդ ուժերը հետո: Այստեղ, իհարկե, հավանական զարգացումները կարող են լինել երկուսը: Մի դեպքում, միասնականացված եռյակը փաթեթով դուրս կգա ներքաղաքական օրակարգից, այսինքն' Սերժ Սարգսյանը առավելագույնը, որ կտա նրանց, դա հենց միասնական երկրորդ տեղը կլինի, որից հետո արդեն կսկսվի եռյակի արժեզրկման և քաղաքական դաշտի արդեն լիակատար անապատացման գործընթացը: Այսինքն' առաջին փուլով դուրս է գալիս առաջին եռյակը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, իսկ երկրորդով դուրս է գալիս «միասնական» մյուս եռյակը, և Սերժ Սարգսյանի համար դաշտը մնում է լիակատար ազատ: Մյուս տարբերակն այն է, երբ այսպես ասած' երկրորդ «միասնական» եռյակը նա դիտարկում է որպես «առաջինիե հնարավոր ռեաբիլիտացիայի հակակշիռ, մասնավորապես Երևանի ավագանու ընտրություններին, որ տեղի են ունենալու 2013 թվականի մայիսին՝ նախագահական ընտրություններից երկու ամիս անց:
Չի բացառվում, որ նախագահական ընտրություններում նահանջած ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փորձեն կրկին դուրս գալ ՀՀԿ-ի դեմ և վերցնել Երևանը: Ամենևին չի բացառվում, որ նման զարգացումները պայմանավորված լինեն նաև արտաքին կենտրոնների մրցակցությամբ: Նման զարգացումների պայմաններում ռեաբիլիտացվող «միասնականությանըե կարող է հակադրվել նորաստեղծը, ինչի առկայությունը կարող է կատարել շանթարգելի դեր և Սերժ Սարգսյանին հնարավորություն տալ լիցքաթափել իրավիճակը ու դարձնել մանևրելի: Ընդ որում, դա անկախ այն բանից՝ հենց ի՞նքն է հանդիսանում Հայրիկյան-Բագրատյան-Հովհաննիսյան հնարավոր ձևաչափի «կնքահայրը», թե՞ այդ գործիչները իրենք են փորձում օգտագործել բացված քաղաքական անցքի եզակի հնարավորությունը իրենց համար: Վերջին հաշվով, ռեսուրսների բազմակողմանի և ռացիոնալ դիտարկումը հուշում է, որ նրանք ի զորու չեն լինի գնալ ավելի հեռուն, քան առկա խաղի հնարավոր սցենարներից որևէ մեկի մեջ տեղավորվելը՝ ընդամենը պայքարելով ամենահարմարի համար: