Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2014թ-ի չորրորդ եռամսյակում կազմել է 51.8, ինչը նախորդ եռամսյակի մակարդակից ցածր է 0.8 կետով: Ցուցանիշը դեռևս կայունության միջակայքի սահմաններում է՝ պահպանելով գրեթե բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը:

 

Գործարար միջավայրի ցուցանիշը առևտրի ոլորտում գրանցել է 2.8 կետով նվազում (ներկայումս կազմում է 48.8), իսկ արդյունաբերության ոլորտում նվազել է 11.4 կետով' կազմելով 55.5: Ծառայությունների ոլորտում հաշվեկշիռը ավելացել է 9.6 կետով և կազմել 63.8: Գործարար միջավայրի մի փոքր (0.5 կետ) բարելավում է գրանցվել նաև շինարարության ոլորտում, սակայն վերջինիս հաշվեկշիռը (34.6 կետ) դեռևս գտնվում է կայունության միջակայքից ներքև:

 

Ցուցանիշի հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման արժեքների միջինացման միջոցով: Գործարար միջավայրի արժեքը հաշվարկվել է արդյունաբերությունում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների, շինարարությունում՝ ընկերության ներկա տնտեսական վիճակի և աշխատողների ընթացիկ թվաքանակի, առևտրում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների և արտադրանքի նկատմամբ պահանջարկի, ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխությանը վերաբերվող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված մակարդակների հիման վրա:

 

Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերն ունեն պատասխանների հետևյալ տարբերակները' աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը' ստանալով պատասխանների արժեքները:

 

Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը' աճ, իսկ 50 արժեքը' կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ընդունվել է արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը: