Վերջին տասը տարվա ընթացքում Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված գիրք նվիրելու տոնը դարձավ մեր հանրապետության լավագույն տոներից մեկը: Այս մասին հայ մեծ գրողի ծննդյան օրվա առիթով ավանդույթ դարձած Գիրք նվիրելու օրվանն ընդառաջ ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Շարունակելով պահպանել տոնական տրամադրությունը՝ մարդկանց գիրք նվիրելիս, մենք լավագույն կերպով կհարգենք Հովհաննես Թումանյանի հիշատակը՝ մեր մեծերից մեկի, ով իր ամբողջ կյանքը ոչ միայն գիրք ստեղծեց, այլ նաև իր բանավոր զրույցներով, իր գործունեությամբ նպաստեց մեր հայության ոգու թրծմանը, մեր գրականության ու մշակույթի տարածմանը, մեր մեծերի գնահատմանը», - ասաց Էդվարդ Միլիտոնյանը :
Գրողների միության նախագահը նշեց, որ կարևոր է, որպեսզի ժողովուրդը ճանաչի նաև մեր այսօրվա գրողներին, կարդա նրանց աշխատանքները և հավատա, որ մեր ժողովրդի գրական հոգին այնպիսի լիցքեր ունի, որ տարածվելու են անկախ խոչընդոտներից:
«Գիրք նվիրելու օրվա հետ մեկտեղ պետք է փոխանցել Թումանյանի ստեղծած Վերնատան ամբողջ խորհուրդը: Գիրք նվիրենք իրար, չսպասենք, որ մեզ նվիրեն, այլ մենք առաջինը նվիրենք այն: Լավագույնը, որ աշխարհում առաջինը ստեղծվել է, դա բանն է՝ այն ինչ մենք իրար պետք է ցանկանանք բանավոր, բանաստեղծության ձևով, գրի ձևով, որը մնալու է ինչպես տպագիր, այնպես էլ տարբեր կրիչների վրա», - նկատեց Էդվարդ Միլիտոնյանը:
«Մարդկանց մաղթում եմ, որպեսզի վերադառնան դեպի գրականություն, և ավելանա ընթերցողների քանակը, ինչպիսին այն եղել էր նախկինում, երբ գրքի 20-30 հազար տպագիր օրինակները սպառվում էին մի քանի օրում: Գիրք նվիրելով իրար, պայծառ պահելով Հովհաննես Թումանյանի և բոլոր այլ մեծերի հիշատակը՝ մենք պետք է վերստին ապրեցնենք գիրը մեր ընթերցմամբ, մեր գեղեցիկ վարք ու բարքով, մեր բարեկրթությամբ, երկիրը սիրելու ու պահպանելու ջանքերով», -ասաց Էդվարդ Միլիտոնյանը:
Գիրք նվիրելու օրվա առթիվ մայրաքաղաքի քաղաքապետարանի կրթության և գիտության վարչության հետ համատեղ տարբեր դպրոցներում իրականացվելու են հանդիպումներ արձակագիրների, բանաստեղծների, մանկագիրների և գրականագետների հետ: Ինչպես նաև միջոցառումներ կիրականացվեն Գյումրիում, Նոյեմբերյանում, Լոռիում, Արմավիրում, Արարատում, այլուր: