«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը չի ցանկանում մեկնաբանել իրենց կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի եւ կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գեւորգյանի երկրորդ հայտարարությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետրոս Մակեյանը' շեշտելով, որ առաջիկա օրերին քաղխորհրդի նիստ կլինի եւ հայտարարություն կտարածեն: «Քաղխորհուրդը որոշումներ կընդունի, որն իրավական հարթության մեջ է, իսկ իրենք գործում են Զուրաբյան Լյովիկի հարթության մեջ»,- ասաց նա' շեշտելով, որ «Զուրաբյան Լյովիկի խոսնակներին պատասխանելու բան չունի»:

Ինչ վերաբերում է պաշտոնն ապօրինի բռնազավթելու մեջ կուսակցության ղեկավարի հասցեին հնչեցված մեղադրանքներին, համագումար հրավիրելու մասին օրենքի պահանջները խախտելու վերաբերյալ հայտարարությանը, ապա նա նշեց, որ նրանք նույնիսկ կուսակցությունից տեղյակ չեն, չգիտեն համագումարների հերթականությունը:

Ի դեպ, հաջորդ չորեքշաբթի ՀԱԿ քաղխորհրդի քննարկմանը կներկայացնի Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության' ՀԱԿ քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ առաջարկվում է՝ ՀԱԿ քաղխորհրդի նիստերի ղեկավարումը ստանձնի Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թե ինչու է փաստաթղթի քննարկումը ուշանում, քանի որ այն պետք է նեկայացվեր այս շաբաթ, Պետրոս Մակեյանը նշեց, որ Ստեփան Դեմիրճյանը նոր է վերադարձել Գերմանիայից, չէին հասցրել հանդիպել, քննարկել, դրա համար էլ հետաձգվել է: Իսկ թե ինչպիսին է Ստեփան Դեմիրճյանի վերաբերմունքը այդ փաստաթղթին, Պետրոս Մակեյանը նպատակահարմար չգտավ հրապարակել:

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամներ Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գեւորգյանը հայտարարություն են տարածել, որտեղ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրել են պաշտոնն ապօրինի բռնազավթելու մեջ: Ավելի վաղ նրանք մեկ այլ հայտարարություն էին տարածել: