Նոր որակ, նոր պատկեր և նոր ձայն: Սրանք այն առաջին դրական փոփոխություններն են, որոնք կտեսնեն հեռուստադիտողները թվային հեռուստահեռարձակման անցումից հետո:

2009 թվականին սկիզբ դրված գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը: Նախատեսված աշխատանքների հիմնական մասն ավարտված է։



Պայմանագրով նախատեսված սարքավորումների ամբողջ խմբաքանակն արդեն ներկրվել է Հայաստան, աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն օրենքով սահմանված ժամկետներում:
 


Հաստատված է թվայնացման տեխնիկական համակարգերի հայեցակարգը, հայտարարված մրցույթների արդյունքում ընտրվել են աշխատանքներն իրականացնող գործընկերները, ինչպես նաև ապրանքների, տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման մատակարարները:
 


 
 
 
«Ավարտման փուլում են արդեն մեր ենթակառուցվածքային փոփոխությունների աշխատանքը Հայաստանի Հանրապետության տարածքում. դրանք նոր հեռարձակման լրացուցիչ կայաններ են, որոնք անհրաժեշտ են ծածկույթի ամբողջականությունն ապահովելու համար», - ասաց «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
 


ՀՀ տարածքում հեռուստաեթերի թվայնացումն ամբողջությամբ նախատեսված է ավարտել 2015թ. հուլիսին, սակայն 2014 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ տրվեց թվային հեռուստահեռարձակման փորձնական ազդանշանի մեկնարկը, որից հետո արդեն թվային հեռուստահեռարձակման առավելությունները տեսանելի են ՀՀ մի շարք բնակավայրերի բնակիչների համար։
 


 
 
 
Իրականացվում է փորձնական թվային հեռարձակում, որը հասանելի է մայրաքաղաքում, Շիրակի մարզի թվով 73 (այդ թվում Գյումրիում), Արագածոտնի մարզի 44, Արարատի մարզի 84, Արամավիրի մարզի 95, Կոտայքի մարզի 44, Լոռու մարզի 8 (այդ թվում Վանաձորում) և Տավուշի մարզի 30 (այդ թվում՝ Իջևանում) բնակավայրերում:
 


«Թվայնացման գործընթացներն աշխարհի տարբեր երկրներում կատարվել են սկզբունքորեն տարբեր տեխնիկական լուծումների հիման վրա: Հայաստանը հստակ ընտրել է մի ձևաչափ, որն ընդունված է եվրոպական հեռարձակման գոտում. դա DVB հեռարձակման տարբերակն է: Այսօր Հայաստանի Հանրապետությունում մոտ 65-66 տոկոսով բնակչությանը հասանելի է թվային հեռուստահեռարձակումը: Դա իրողություն է, այդ հեռարձակումը եթերում է արդեն մարզային շատ բնակավայրերում ևս, որոնք նախկինում ունեցել են տեղեկատվական «դեֆիցիտ»: Ռեալ, որպես գնահատական, աշխատանքների իրականացման մասով, պետք է ասեմ, որ ընդհուպ մոտեցել ենք որակական իմաստով ավարտին և օրենքով սահմանված ժամկետներում կունենանք փաստացի թվային հեռարձակում»,- ասաց Գրիգոր Ամալյանը:
 


Իսկ ի՞նչ է հարկավոր հեռուստադիտողին թվային հեռուստաալիքներ դիտելու համար:

Ժամանակակից հեռուստացույցները անալոգի հետ միաժամանակ կարող են ընդունել նաև DVB երկու ստանդարտի ազդանշանները: Այդպիսի հեռուստացույց ունեցող քաղաքացիներին հարկավոր է միայն նույն անալոգային մեթոդով համալրել թվային ալիքները:
 


 
 
 
«Մեր այն քաղաքացիները, որոնց հեռուստացույցները  չունեն DVB-T2 ընդունիչ բաղադրիչներ, նրանք պետք է իրենց տեխնիկական սարքը համալրեն «Set-top box»-ով, դա կցուրդ սարք է, որն ապահովում է այս ազդանշանի ապակոդավորումը: Այս սարքերն արդեն կարծես թե հայկական շուկայում կան և վաճառքի տարբեր կետերում վաճառվում են», - նշեց Գրիգոր Ամալյանը:
 


Հայաստանի Հանրապետության կառավարությունը թվային հեռուստահեռարձակման հայեցակարգը հաստատելիս հայտարարել է, որ առաջնորդվելու է սոցիալական մոտեցմամբ, և ներկա անալոգային բոլոր հեռուստաալիքները չեն դառնալու վճարովի: Տեխնիկական վերազինման անհրաժեշտության պարագայում էլ հաշվի է առնվել այն կարևոր հարցը, թե ինչպես պետք է լուծվի սոցիալապես անապահով մարդկանց խնդիրը:
 


 
 
 
«Ինչ կոնկրետ ձևով դա կիրականացվի՝ անվճար սարքերը տրամադրելու ճանապարհով, թե սուբսիդավորման ճանապարհով, այս պահին քննարկման փուլում է, բայց պետք է սոցիալապես անապահով մարդիկ մտավախություններ չունենան, որովհետև գլխավոր երաշխիքը, գլխավոր հավաստումն այն է, որ սոցիալական մոտեցումը մեր օրակարգի հարցն է»,- ասաց Գրիգոր Ամալյանը:
 


 
Անցնելով թվային հեռարձակման՝ մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել 9, իսկ Արարատյան դաշտավայրին և Երևանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք:
 
 
 
 
 
 
Ներդնելով եվրոպական լավագույն փորձը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «ՀՀՌՑ» ՓԲԸ- ի կողմից կատարվել են համապատասխան բոլոր աշխատանքները՝ Հայաստանում նույն որակն ու ստանդարտներն ապահովելու համար: Եվ արդեն հաշված ամիսներ անց թվային «հեղափոխության» առավելությունները տեսանելի կդառնան Հայաստանի բոլոր բնակավայրերի հեռուստադիտողներին: