«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամներ Ղուկաս Մեհրաբյանը և Պետրոս Գևորգյանը հերթական անգամ հայտարարություն են տարածել, որով կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրում են պաշտոնի ապօրինի բռնազավթման մեջ. նրան մեղադրում են վայրիվերո քաղաքական վարքագծի, կուսակցության բնականոն աշխատանքները ձախողելու, ինչպես նաև անձնական տարբեր նկատառումներով պայմանավորված գործունեության համար, ինչի հետևանքով կուսակցությունը հայտնվել է փողոցում: Մեր լրագրողը զրուցել է Պետրոս Մակեյանի հետ. ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարոն Մակեյան, Ձեզ հերթական անգամ քննադատում են պաշտոնի ապօրինի բռնազավթման մեջ, ինչո՞ւմն է խնդիրը, ինչպե՞ս եք վերաբերվում հիշյալ քննադատությանը:

-Չեմ զարմանա, եթե Զուրաբյան Լյովիկի խոսնակները ինձ մեղադրեն նաև Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կազմակերպելու մեջ: Այս երկու անձինք հանդես են գալիս Զուրաբյան Լյովիկի ձեռքի թաշկինակ որպես: Բարբաջանքին չեմ պատասխանում, միայն կասեմ, որ կուսակցության քաղխորհուրդը առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կհրավիրի քաղխորհրդի նիստ և պատասխանը կտա:

-Երկար ժամանակ է նրանք պահանջում են Ձեր հրաժարականը, դա նորմա՞լ եք համարում:

- Նորմալ է, իրենք կուսակցության անդամ են, կա կուսակցության քաղխորհուրդ, և իրենք իրենց ասելիքը պետք է քաղխորհրդում ասեն, փողոցում չասեն:

-Ի դեպ, հայտարարության մեջ նշվում է, որ Ձեր պատճառով է կուսակցությունը հայտնվել փողոցում:

-Դե ուրեմն դա արդեն նշանակում է, որ իշխանության թելադրանք կա, որ եթե իշխանությունը գրասենյակն առգրավում է, ու իրենք ասում են՝ մեր պատճառով, ուրեմն այդտեղ իշխանության ձեռագիրն էլ կա, որը չի բացառվում, որ մենակ Զուրաբյան Լյովիկինը չէ:

-Այսինքն Դուք գտնում եք, որ Լևոն Զուրաբյանը Ձեր դեմ է գործու՞մ:

-Զուրաբյան Լյովիկի անձնական ամբիցիան է, որ կուսակցությունը հարց է բարձրացնում Կոնգրեսի բարեփոխման մասով և միաժամանակ Կոնգրեսի ներքին կառուցվածքի հետ կապված, Զուրաբյան Լյովիկի մեջ վախ է ընկել, որ իր խնդիրը կբարձրացվի և իր հարցը կքննարկվի, որը առաջիկա չորեքշաբթի օրն է լինելու, այսինքն՝ ինքը երկու կամակատարների միջոցով էս ամբողջ պրոցեսը կազմակերպեց:

-Ի՞նչ է դա նշանակում, պահանջելու եք նրա հրաժարակա՞նը:

-Ընդհանրապես Կոնգրեսի բարեփոխման ծրագիր ենք ներկայացնելու, բայց իր մտքով անցնում է, որ, հաշվի առնելով իր խառնակիչ բնավորությունը, իր հարցը անպայման պետք է լսվի: Մարդը որ անելիք չունենա, պարապ ժամվա խաղալիք է: Երբ որ Կոնգրեսը խնդիր ուներ կազմաքանդել, իրենց ձևակերպմամբ, «ավազակապետական բուրգը», բայց իր գործունեությամբ ավազակապետական բուրգը ամրացրեց, հիմա խնդիր են դրել կազմաքանդել Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները:

-Իսկ հնարավո՞ր է առաջիկայում նոր միավորումներ լինեն:

-Չի բացառվում, կյանքը ցույց կտա: Առաջիկա քաղխորհրդի նիստում կներկայացնեմ մեր կուսակցության կողմից ներկայացված փաթեթը: Ասում են «գող՝ սիրտը դող», հիմա էդ տարբերակն է գործում: