Գավառի քաղաքային գրադարանում անցկացվեց գրական վիկտորինա՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային եւ գիրք նվիրելու օրերին: Վիկտորինան կրում էր «Ի՞նչ գիտենք մենք» խորագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը՝ վիկտորինան գրադարանում անցկացվում է արդեն չորս տարի, ուր միմյանց հետ մրցում են Գավառի հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանի սաները: Այն ի հայտ է բերում աշակերտների գիտելիքների իմացությունը Մայրենի լեզվից:

 

Այս անգամ իրենց գիտելիքներով մրցում էին Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի «Նաիրի» եւ նախորդ տարվա վիկտորինայի հաղթող, Գավառի ավագ դպրոցի «Անմոռուկ» թիմերը: Դրանք կազմված էին վեցական աշակերտներից: Հնչեցին հարցեր՝ օրվա խորհրդի թեմատիկայի շրջանակներում: Երկու թիմերն էլ ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն:

 

Կես միավորի տարբերությամբ՝ «Անմոռուկը» զիջեց «Նաիրի» թիմին: Երկու թիմերն էլ գրադարանի կողմից արժանացան պատվոգրերի եւ գրքերի: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գրադարանին գիրք նվիրեցին ա զատամարտիկ Հավհաննես Միրիբյանը, «Հայկական կարիտաս»-ի «Փոքրիկ իշխանները» եւ մարզպետարանի մշակույթի բաժնի աշխատակից Արփիկ Չքոլյանը, իսկ գրադարանն էլ շուրջ 33 անուն գիրք նվիրեց սահմանամերձ գյուղերի գրադարաններին: