Եվրամիության մարդու իրավունքների գծով հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբիրդիսը Ադրբեջանի կառավարության հրավերով փետրվարի 23-ին ժամանում է Բաքու, ինչի հետ կապված միջազգային իրավապաշտպան Human Rights Watch եւ Front Line Defenders կազմակերպությունները նրան կոչ են արել պաշտոնական Բաքվից պահանջել ազատ արձակել տասնյակ ակտվիստներին եւ լրագրողներին, որոնք Ադրբեջանում ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

 

«Մարդու իրավունքների գծով ԵՄ առաջատար մասնագետ Լամբիրիդիսի այցը Ադրբեջանի իշխանություններին կոչի համար հազվագյուտ հնարավորություններից է, որով պաշտոնական Բավքից կպահանջվի դադարեցնել քննադատական ձայները ճնշելու արշավը, ազատ արձակել տասնյակ ակտիվիստներին եւ լրագրողներին, որոնք Ադրբեջանում ձերբակալվել են շինծու մեղադրանքներով», -ասել է Front Line Defenders կազմակերպության տնօրեն Մերի Լաուրը:

 

«Հասել է բաց կերպով հայտարարելու ժամն այն մասին, որ մարդու իրավունքների սպառնալից իրավիճակը խորացնում է Ադրբեջանի հարաբերությունները ԵՄ հետ «,-ասել է նա:

 

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ ճնշում է քննադատական ձայները, ճնշում է գործադրում նաեւ լրագրողների եւ այշկտիվիստների վրա: Վերջին մեկ տարում Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ձերբակալվել են 30-ից ավելի իրավապաշտպաններ, ակտիվիստներ, փաստաբաններ, լրագրողներ եւ բլոգերներ:

 

Հայտարարության հեղինակները Լամբիրիդիսին կոչ են արել հանդիպել ձերբակալվածների հետ, այդ թվում' իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիեւի եւ Խադիջա Իսմայիլովայի հետ:

 

«Ադրբեջանի առաջատար ակտիվիստները եւ ընդդիմադիրները հույս ունեն, որ ԵՄ-ն պաշտպանելու է իր սկզբունքները, իսկ նրանք, ում ձայները խլացվել են, սպասում են, որ իրենց փոխարեն խոսելու է Լամբիրիդիսը», -ասվում է հայտարարության մեջ: