Lancet Global Health ամսագրի հետազոտությունը, որում Հայաստանը հայտնվել էր վատագույն սննդակարգ ունեցող երկրների ցանկի վերջին տասնյակում, լուրջ մտահոգություն է առաջացրել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվողների շրջանում:

 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով' դա ցույց է տալիս, որ սննդակարգի նկատմամբ անտարբերությունը մեծ է ինչպես հասարակության, այնպես էլ պատկան մարմինների շրջանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաբկեն Պիպոյանն ընդգծեց, որ վատագույն սննդակարգ ունենալու փաստը պետք է մտահոգիչ լինի յուրաքանչյուրի համար, և հարկավոր է լուրջ վերահսկողություն այդ ոլորտում: «Խնդրին լուծում տալու համար պետությունը պետք է աշխատանք տանի քաղաքացիների հետ: Նրանց պետք է անընդհատ իրազեկել' ինչպիսի սնունդ օգտագործել, ինչից խուսափել: Սակայն դա չպետք է դառնա գովազդ: Մենք ունենք որդեգրած սկզբունք, որ չնշենք որևէ արտադրողի անուն: Հարկավոր է պարզապես առանձնացնել այն մթրքները, որոնք ահրաժեշտ են օգանիզմի առողջության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Պիպոյանը:

 

Սպառողների շահերի պաշտպանի ասելով' թյուր կարծիք է ձևավորվել, թե այդ հետազոտությունը կապ ունի սննդամթերքի անվտանգության հետ: «Նշեմ, որ սննդամթերքի անվտանգությունն ու առողջ սնունդը բոլորովին տարբեր հասկացություններ են: Մեկ պարզ օրինակ. որպես առողջ սնունդ դիտարկվել է բնական հյութը, իսկ գազավորված ըմպելիքը' որպես անառողջ սնունդ, սակայն հնարավոր է, որ այդ երկուսը տարվեն լաբորատոր փորձաքննության, և պարզվի, որ բնական հյութը անվտանգ չէ, իսկ գազավոված ըմպելիքը գտնվում է դրա համար սահմանված անվտագության կայունության մակարդակում»,- ասաց նա: Բաբկեն Պիպոյանը առանձնացրեց այն մթերքների շարքը, որոնք պետք է պարտադիր ընդգրկվեն մարդկանց սննդակարգում' դրանց թվում նշելով ձավարեղենը, մրգերը, բանջարեղենը, լոբազգիները, հատիկավորները, դիետիկ սննդամթերքը, ծովամթերքը, կալցիում և օմեգա 3 պարունակող մթերքները, չհագեցած ճարպերը և այլն:

 

Պիպոյանը նաև տեղեկացրեց, որ հետազոտությունն իրականացնելիս հաշվի են առնվել տվյալ երկիր ներկրվող, այնտեղ արտադրվող և իրացվող սննդամթերքը, դրանց հասանելիությունը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: «Այստեղ կարևոր է այն, որ ուշադրություն է դարձվել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին և մթերքների հասանելիությանը: Օրինակ' Հայաստանի գյուղերում ոչ-ոք չի կարող իրեն թույլ տալ սննդակարգում ներառել ծովամթերքներ և այլ օգտակար մթերքներ, մյուս կողմից էլ գյուղերում ապրողները ունեն հնարավորություն օգտագործելու թարմ կաթնամթերք կամ բանջարեղեն, ինչին գրեթե չես հանդիպի Երևանում»,- նշեց Պիպոյանը: Նա մտահոգություն հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ այդ խնդրի համար պատասխանատու մարմինները մինչ օրս չեն արձագանքել հետազոտության արդյունքներին, այնինչ այն իրենից ներկայացնում է լայնածավալ և լուրջ վերլուծություն:

 

Lancet Global Health ամսագրի հետազոտությունում համեմատվում են աշխարհի տարբեր երկրների սննդակարգերի յուրահատկությունները: Ուսումնասիրության արդյունքները ստանալու համար հետազոտողներն օգտագործել են աշխարհի բնակչության գրեթե 90%-ի ազգային տվյալները' վերլուծելու, թե մարդիկ ինչպես են սնվել 1990-2010 թթ. ընթացքում: Նրանք գնահատել են երեք տեսակի սննդակարգեր: Առաջինը հիմնված է եղել տասը առողջ ուտելիքի վրա' մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ընդեղեն և հատիկավորներ, հացազգիներ, կաթ, ձկնեղեն և այլն: Երկրորդը հիմնված է եղել յոթ անառողջ ուտելիքի վրա' չմշակված կամիր միս, վերամշակված միս, շաքարային հավելումով խմիչքներ, հագեցած ճարպեր, խոլեստերին և այլն: Երրորդն իրենից ներկայացրել է ընդհանուր գնահատում' հիմնված բոլոր 17 սննդատեսակների վրա: Օգտագործելով այս տվյալները' հետազոտողները երկրները դասել են 0-100-բալանոց սանդղակով, որտեղ առավել բարձր թիվն առավել առողջ սննդակարգի ցուցանիշ է: