Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի բանակը կենդանի ուժի կորուստներ չի կրել երկրի հարավ-արեւելքի հակամարտության ընթացքում:
Իրենց հերթին աշխարհազորայինները հայտարարել են, որ, Մինսկի համաձայնություններին համապատասխան՝ ավարտել են ծանր սպառազինության հետքաշումը առաջավոր գծից: Մինչդեռ ուկրաինական կողմը վիճարկում է այդ պնդումները, որոնք չհաստատված են մնում միջազգային դիտորդների կողմից:
Այնուամենայնիվ, այս նորությունները նոր հույսեր են ծնել, որ կողմերը պահպանում են հրադադարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան քննադատության է եանթարկել աշխարհազորայինների գործողություններն Ուկրաինայի հարավ-արեւելքում, որոնք, կազմակերպության կարծիքով, ոչ միայն խախտում են Մինսկի պայմանավորվածությունները, այլեւ հրաժարվում են ԵԱՀԿ-ի դիտորդներին լիակատար ու անվտանգ մուտք տրամադրել իրենց կողմից վերահսկվող տարածքներ:
Մինչդեռ այս շաբաթ ավելացել են Ուկրաինայում տնտեսական քաոսի նշանները, որտեղ տեղի է ունեցել 13 տոկոսով գրիվնայի փաստական դեվալվացում: Հանրապետության Կենտրոնական բանկը մինչեւ շաբաթվա վերջը կասեցրել է բանկերի եւ փոխանակման կետերի կողմից արժույթի գնումը՝ փորձելով կանխել գրիվնայի փոխարժեքի հետագա անկումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի գազամատակարարումից հրաժարվելու Ուկրաինայի իշխանությունների որոշումը «ցեղասպանության է նմանվում»: Ուկրաինական «Նավթոգազ»-ում ավելի վաղ հայտնել են, որ գազի մատակարարումները վերականգնված են, բայց ընկերությունը չի վճարի դրանց համար, քանի որ, Կիեւի կարծիքով, դա հակասում է ռուսական կողմի հետ կնքված պարտավորագրին: