Համացանցում հայտնվել է Samsung-ի՝ թողարկման պատրաստվող նոր բարձրակարգ սմարթֆոնների լուսանկարը: Այն իր Twitter-ում հրապարակել է Mobile Research Group-ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

S6 Edge մոդելն աչքի է ընկնում էկրանի հաշվին, որը կորանում է ձախ և աջ եզրերում: Դասական S6-ը շատ նման է Samsung-ի նախորդ դրոշակակրին՝ S5-ին, բայց նոր մոդելի կողաճակատը ոչ թե ակոսավոր է, այլ՝ տափակ:

 

 

Երկու նորույթներն էլ Samsung-ը պաշտոնապես կներկայացնի մարտի 1-ին Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:

 

 

Ավելի վաղ Samsung-ի ֆինանսական հաշվետվության մեջ ասվել էր, որ ընկերությունը կներկայացնի արտադրանքներ, որոնք կներառեն «նոր նյութեր, նորարարական արտաքին տեսք և տարբեր գործառույթներ»: Արևմտյան զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ ամենայն հավանականությամբ, նոր սարքը հանդերձված կլինի Qualcomm Snapdragon 810 պրոցեսորով, որը կդառնա առաջին 64-կարգային պրոցեսորը զանգվածային Android-սարքերի համար: Այն, մասնավորապես, թույլ կտա սմարթֆոններում արդյունավետ օգտագործել 3 գիգաբայթից ավելի օպերատիվ հիշողություն և կօպտիմալացնի տեսագրման աշխատանքը: