Հայաստանի Հանրապետությունում բոլոր ոչ քաղաքական երևույթները պետք է հեռու լինեն քաղաքականությունից: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք մնում ենք մեր կարծիքին, մենք տվել ենք գնահատականներ, որոնք եղել են կշռադատված, չ ափավոր, իրատեսական, այնտեղ վիրավորանք չի եղել, բոլոր գնահատականները, որ հնչեցվել ու քննարկվել են ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստում, եղել են բացառապես քաղաքական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ գնահատականների սրբագրում տեղի չի ունենում, և սխալ է տպավորությունը, թե ՀՀԿ-ն զղջում է նախկինում իր արած հայտարարությունների համար: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ բոլոր ոչ քաղաքական երևույթները՝ «կիսագրագիտությունն ու անգրագիտությունը, զոռբայությամբ ու բիլակներով» հարց լուծելը պետք է զերծ մնան քաղաքական մշակույթից:
Հարցին' ՀՀԿ-ն պատրա՞ստ է առաջիկայում համագործակցել ԲՀԿ-ի հետ, Շարմազանովը պատասխանեց. «Տեսնենք՝ մարտի 5-ին ԲՀԿ-ն ի՞նչ է հայտարարում, ի՞նչ որոշում ընդունում, ո՞վ է մնում քաղաքականության մեջ, ո՞վ է դուրս գալիս, նոր ղեկավար են ընտրու՞մ, ի՞նչ ուղերձ են ուղարկում հանրությանը, այն ժամանակ կքննարկենք այդ հարցը»:
Հարցին ի պատասխան, թե ՀՀԿ-ում խղճի խայթ չեն զգում, որ ԲՀԿ-ից մոտ մեկ տասնյակ պատգամավորներ դուրս եկան, ՀՀԿ խոսնակը նշեց. «Դուք գերագնահատում եք մեր հնարավորությունները: ԲՀԿ-ն առանձին կուսակցություն է, ու նրա պատգամավորները գործել են իրենց խղճին համապատասխան: Ես ՀՀԿ խոսնակն եմ ու չեմ պատրաստվում վերլուծություններ անել, թե ինչու են ԲՀԿ-ական պատգամավորները լքել խմբակցությունը»:
Հարցին, թե ՀՀ Նախագահը ե՞րբ է իր դիրքորոշումը հայտնելու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ Նախագահն արդեն հայտարարել է, որ այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի փետրվար-մարտին: «Այսօր փետրվարի 26-ն է: Մարտը դեռևս առջևում է, ուստի ես խորհուրդ եմ տալիս դանդաղ շտապել: Ժամանակը կգա, ամեն ինչ կիմանաք»,- ասաց Շարմազանովը: