Սումգայիթի ոճրագործությունն Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած էթնիկ զտումների քաղաքականության արդյունքն էր: «Ադրբեջանը երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարիներ շարունակ վարում էր էթնիկ զտումների քաղաքականություն և Սումգայիթյան ջարդերը հենց այդ քաղաքականության ուղղակի արդյունքն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ'լրագրողների հետ փետրվարի 28-ին տեղի ունեցած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

 

Նա նշեց, որ Սումգայիթի ոճրագործությունը ի ցույց դրեց երեք կարևոր հանգամանք: «Առաջինը'Սումգայիթյան ջարդերը մեր մեջ ամրապնդեցին այն համոզմունքը, որ եթե Արցախը չպայքարեր, ապա իրեն սպառնում էր Նախիջևանի հայաթափման ճակատագիրը, երկրորդ'Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ազգերի ինքնորոշման սկզբունքը և երրորդ'Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները տարիների ընթացքում կենթարկվեն էթնիկ զտումների»,-ընդգծեց Մելքոնյանը:

 

Անդրադառնալով Սումգայիթյան ջարդերի միջազգային դատապարտման խնդրին' նա նկատեց, որ մենք կարող ենք օգտագործել մեր ունեցած փաստերը այդ խնդիրը միջազգայնորեն բարձրաձայնելու համար: «1988թվականին Եվրախորհուրդի ընդունած Սումգայիթի ջարդերը դատապարտող բանաձևը, ինչպես նաև ջարդարարների դատավարության սղագրությունները պետք է օգտագործել պետական մակարդակով վերը նշված խնդիրը բարձրաձայնելու համար, որը կանխարգելիչ նշանակություն կունենա հետագայում Ադրբեջանի կողմից նմանատիպ կոտորածները բացառելու համար», -հավելեց Մելքոնյանը:

 

1988թ. հուլիսի 7-ին Եվրախորհուրդն ընդունել է Սումգայիթյան ջարդերը դատապարտող բանաձև: Դրանում, մասնավորապես, ասվում է.

 

«Նկատի ունենալով ԼՂԻՄ-ի' Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, ԵԽ-ն դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»: