Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Արցախ շփման գծում սադրանքների դիմելով' ‪Բաքուն ևս մեկ անգամ ցույց տվեց ‪ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հանդեպ իր արհամարհանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասել է' պատասխանելով Aravot.am կայքի' «ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակի սրումը սահմանագծին» հարցին:

 

«Վերջին օրերին ‎Ադրբեջանի զինված ուժերի սադրանքների հետևանքով կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Արցախ շփման գծում, որը հանգեցրել է մարդկային զոհերի։

 

Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում‪ ԵԱՀԿ ‎Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերին՝ խստորեն հետևելու հրադադարի պահպանմանը և զերծ մնալու իրավիճակը սրող քայլերից։

 

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ Նախագահները համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ Վերոհիշյալ սադրանքներով ‪‎Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ»,-ասել է ԱԳ նախարարը։