Մեծ Բրիտանիան Եվրամիությունում կմնա միայն Բրյուսելի կողմից իրականացվող քաղաքականության «լուրջ փոփոխությունների» դեպքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:

 

«Վերջին քսան տարվա ընթացքում ինչ-որ փուլում Եվրամիությունը դուրս ընկավ ռելսերից եւ այժմ շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ,- նշել է նախարարը:- Հանրակցությանը ռելսերի վրա վերադարձնելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ եւ գոյություն ունեցող համաձայնագրերի վերանայում»:

 

«Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի Եվրամիության կառուցվածքը փոխելու հնարավորությունը, որպեսզի դրան երկրի անդամակցությունը շահավետ լինի»,- ընդգծել է Համոնդը:

 

Բացի այդ, նախարարի խոսքով, վերջին ամիսներին ինքը բանակցություններ է վարել ԵՄ-ի անդամ 23 պետությունների գործընկերների հետ: «Գործընկերների ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որ մենք մնանք այդ հանրակցության մասնակիցներ: Այնուամենայնիվ, դրա համար Բրյուսելը պետք է գնա իր քաղաքականության լուրջ փոփոխությունների»,- հայտարարել է Համոնդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: